Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ
Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը Նենսի Փելոսիի հայաստանյան այցի վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին News.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ», – հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:
Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ: Այցի ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումների և ելույթների ընթացքում Նենսի Փելոսին փոխանցել էր Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը՝ հայտարարելով, որ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած անօրինական և մահաբեր հարձակումը Հայաստանի Հանրապետության դեմ: