Ֆինլանդիայի կառավարությունը կարող է որոշում ընդունել Ռուսաստանի հետ նոր սահմանային ռեժիմի վերաբերյալ
Ֆինլանդիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին կարող է որոշում ընդունել Ռուսաստանի հետ նոր սահմանային ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել են ֆիննական ԶԼՄ-ները:
YIe հեռուստահեռարձակող պորտալը, վկայակոչելով Helsingin Sanomat թերթին, հաղորդել է որ նոր ռեժիմը կհիշեցնի այն կանոնը, որը սահմանվել էր COVID-19-ի բռնկման ժամանակ. երկիր կարելի կլինի մուտք գործել միայն հատուկ հանգամանքների դեպքում:
Helsingin Sanomat-ի տվյալներով՝ ՌԴ-ից զբոսաշրջիկների համար մուտքի արգելքը կարող է սահմանվել լույս սեպտեմբերի 30-ի գիշերը: Կարելի կլինի ստանալ աշխատանքային կամ ուսանողական այցագիր, նաեւ Ֆինլանդիա այցը կթույլատրվի մերձավոր ազգականներին այցելելու համար:
Helsingin Sanomat-ի տվյալներով, երկրի իշխանությունները նոր այցագրային քաղաքականության մասին կհայտարարեն ճեպազրույցում:
Այս ամսին ավելի վաղ Ֆինլանդիայի իշխանությունները հաղորդել էին, որ պլանավորում են արգելել Ռուսաստանից շենգենյան այցագրերով զբոսաշրջիկների մուտքն իրենց տարածք, որոնք տրվել են ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ԵՄ-ի մյուս երկրների կողմից:
Սեպտեմբերի 19-ից Էստոնիան, Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը փակել են սահմանները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Ֆինլանդիան ներկայում մնում է ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ սահմանակից միակ երկիրը, որի տարածքով ռուսաստանցիները կարող են Եվրամիություն մուտք գործել տուրիստական այցագրերով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: