Կրկին Սյունիքում՝ կրկին միաժամանակ. ՌԴ ու ԱՄՆ դեսպաններ Կոպիրկինն ու Թրեյսին միաժամանակ այցելել են Սյունիք

Հայաստանում Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դեսպանների ուշադրության կենտրոնում կրկին Սյունիքն է, այս անգամ՝ նաև Վայոց ձորի մարզը: Ինչպես այս տարվա մայիս ամսին էինք արձանագրել Հայաստանում աշխարհաքաղաքական կենտրոններ ներկայացնող դեսպանների համաժամանակյա այցը Սյունիք, օրերս ևս Սյունիքի և Վայոց ձորի մարզերում էին՝ գրեթե զուգահեռ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Վ. Ա. Կոսովը Հայաստանի ու Ռուսաստանի միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ այցելել են Ջերմուկ և Գորիս:

«Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին: Ուղևորության շրջանակներում Ս. Պ. Կոպիրկինը եղել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմակայանի առանձին գումարտակի  և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրում»,- ասված է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ Սյունիքում էր ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, դեսպանի հետ Սյունիք էին այցելել նաև դեսպանության տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն,  գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։

«Դեսպան Թրեյսին հանդիպեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ պարզելու, թե Սյունիքի ազգաբնակչության վրա ինչ ազդեցություն են ունեցել սեպտեմբերի կեսերի հարձակումները, և քննարկելու հումանիտար կարիքները։ Ինչպես պետքարտուղար Բլինքենն էր նշել Անկախության օրվա իր ուղերձում, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը»,- ասված էր դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Ինչպես ամիսներ առաջ էինք նշել, դժվար է պատկերացնել, որ հատկապես ռուս և ամերիկացի դեսպանները համաձայնեցնում են այցերը ՀՀ մարզեր, սակայն կարծես ոչ պատահականորեն նրանց այցերը հատկապես Սյունիք պարբերաբար համընկնում են:

Իսկ այս ժամանակահատվածն առանձնահատուկ է, և դեսպանների հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն ընդհանուր Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացների, այլև այս դեպքում՝ նաև Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման և տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությամբ:

Տեսանյութեր

Լրահոս