«Գյուղի վրա 13 սնարյադ է ընկել, գիշերը ժամը 00։10 կրակոցները սկսվեցին, բնակիչները քնած էին, շուրջ մեկ ժամ շարունակվել է». Վաղատուրի գյուղապետ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Թշնամու առաջին թիրախներից մեկը եղել է խաղաղ բնակավայրերն ու բնակչությունը։

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղն առաջիններից էր, որ թշնամին թիրախավորել էր, սեպտեմբերի 13-ին ժամը 00։10, երբ Վաղատուրում խաղաղ բնակիչները քնած են եղել, թշնամին սնարյադներով հարվածներ է հասցրել գյուղին։

168.am-ի հետ զրույցում Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, բնակիչներն անցել են իրենց բնականոն աշխատանքին։ Թշնամու կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի գազի խողովակը, էլեկտրալարերը, որոնք արդեն վերանորոգվել են։

Կարդացեք նաև

«Այս պահին վնասված է գյուղապետարանի շենքը, տանիքն ամբողջությամբ վնասվել է, ասկոլկաները բոլոր շիֆերները ջարդել են։ Մեր համայնքապետի հանձնարարությամբ մի քանի հատ պատուհան արդեն տեղադրել ենք, մյուսներն էլ մենք ենք հիմա սարքում։ Գյուղում մի քանի տուն կա, որոնց տանիքները նույնպես վնասվել է՝ ասկոլկաներն են վնասել։ Այլ խնդիր չունենք, լույսը, գազը վերականգնել ենք, մնում է այդ տանիքների հարցերն էլ լուծենք»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Գյուղապետի փոխանցմամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թշնամին կոնկրետ գյուղի վրա չէր կրակել, կրակում էր միայն դիրքերի ուղղությամբ։

«Այսքան տարիներ ի վեր, առաջին անգամ է, որ գյուղի վրա 13 սնարյադ է ընկնում, սա բոլորի համար անսպասելի էր, մեր բախտը բերել է, որ դրանք տների վրա չեն ընկել։ Գիշերը ժամը 00։10 կրակոցները գյուղի վրա սկսվեցին, բնակիչները քնած էին, լույսերը գնաց, մենք միանգամից տագնապ տվեցինք, հեռախոսով ասացի՝ անմիջապես տեղավորվենք «քարանձավներում», որովհետև կրակոցները չէին դադարում։ Սնարյադներն իրար վրա գալիս էին, շուրջ մեկ ժամ շարունակվել է։ Փառք Աստծո, բնակիչների շրջանում ո՛չ զոհ,  ո՛չ վիրավոր չունենք։

Մեր գյուղի վերևի հատվածում մեծ սար կա, 90-ականներին թշնամին ինչքան փորձել էր հարվածներ հասցնել գյուղին, չի կարողացել, այդ սարերը մեզ պաշտպանել են, հենց սնարյադով խփել են, գյուղին չի հասել, ընկել է այդ սարերի վրա։ Քանի որ թշնամին նախորդ տարի Սև լճի տարածքում առաջ էր եկել, այդ հատվածից էր հարվածում գյուղին՝ սնարյադները գալիս էին ուղիղ գյուղի վրա, մեկ էլ դպրոցի պատուհանն է  վնասել»,- շեշտեց Վաղատուրի գյուղապետը։

Ըստ գյուղապետի, դժվար է ասել, թե այս ամենի վերջն ինչ է լինելու, բայց նաև դժվար է նման խեղճացած ձևով ապրելը, քանի որ սյունեցին չգիտի՝ ինչ բան է խեղճությունը։

«Նախկինում ադրբեջանցին երբեք ռիսկ չի արել մեզ մոտիկանալ, շան նման վախենում էր, բայց այսօր մեր ժողովուրդն ինչ-որ տեղ վախենում է։ Մենք այսպես չենք կարող ապրել, չլինող բան է, էլի։ 90-ականներին ես էլ եմ պատերազմին մասնակցել, մենք չենք իմացել՝ ինչ բան է վախը, նման բան չի եղել։ Ժողովուրդը խաղաղություն է ուզում, բայց դե խեղճանալով էլ խաղաղություն չեն խնդրում»,- եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է.  «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ:

Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա»:

Տեսանյութեր

Լրահոս