Ուսումնական հաստատությունները դարձել են ուղիղ կրակի թիրախ. 25.000 դպրոցահասակ երեխայի կրթություն ընդհատվել է. Ժաննա Անդրեասյան

«Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր  առաջացան, ինչը հանգեցրեց նրան, որ այս բնակավայրերում երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից: Խոսքը վերաբերում է թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական կրթությանը: Մենք խոսում ենք շուրջ 25.000 դպրոցահասակ երեխայի կրթության ընդհատման և 6000 երեխայի նախադպրոցական կրթության ընդհատման մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով, որ նախորդ շաբաթ ուղղակի այս երեք բնակավայրում արձակուրդ է եղել, ուսումնական հաստատությունները չեն գործել այն հիմնավորմամբ, որ հաշվի է առնվել լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և  լրացուցիչ լարվածություն չստեղծելու հանգամանքը:

Նա նշեց, որ հետագայում բաց թողնված դասերը լրացվելու են:

«Երեք մարզերում այսօվանից դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը: Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա, անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորությունները, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով: Իսկ այն բնակավայրերում, որտեղ դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, ուսուցումը կկազմակերպվի հեռավար: Գեղարքունիքում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանում են, Վայոց ձորում 3 դպրոց կգործի հեռավար, մյուսների մասով հնարավորություն կա վերականգնել առկա ուսուցումը: Սյունիքում ունենք ընդհանուր հեռավար ուսուցման իրավիճակ: 5 դպրոցում առկա ուսուցումը կվերականգնվի՝ հիմնականում Քաջարանում, և մեկ դպրոցի առկա ուսուցումը՝  Կապանում»,- մանրամասնեց Ժաննա Անդրեասյանը:

Մեր հարցին, թե շատերը ժամանակավոր այլ մարզեր են տեղափոխվել, չեն կարող այժմ վերադառնալ իրենց բնակավայրեր, նրանց ժամանակավոր փորձում են տեղի դպրոցներո՞ւմ տեղավորել, ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանեց, որ այս պահին հեռավար ուսուցման ձևաչափով են շարժվում:

Կարդացեք նաև

Նա հայտնեց նաև, որ թշնամու հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզում երկու դպրոցական շենքերի վնասման մասին տեղեկություն կա: Խոսքը Սոթքի և Այրքի դպրոցների մասին է:

«Շատ մտահոգիչ է, որ թիրախավորվել են ուսումնական հաստատությունները և դարձել են ուղիղ կրակի թիրախ, ինչն անթույլատրելի է: Բոլոր կոնվենցիաների և միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր նորմերի խախտում է»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ մանկապարտեզները հիմնականում չեն գործում Գեղարքունիքում և Վայոց ձորի մարզից՝ Ջերմուկում: Սյունիքի մարզում շատ տեղերում մանկապարտեզները գործում են:

 

Տեսանյութեր

Լրահոս