Ալեն Սիմոնյանի հոգեբանական դիվերսիայի հետքերով. Վանաձորում ոստիկանությունը բնակարանային գողությունների կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում

Հայաստանում արդեն 4-րդ օրն է՝ հանրային քննարկումների հիմնական թեման (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցը և դրան հետևած խայտառակ կազմակերպչական կիքսերը չհաշված) Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունն է, որ՝ «կան Հայաստան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որ հիմա որոնման աշխատանքներ են տարվում, դրանք կամ դուրս կմղվեն, կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ: Մխրճվել են մի քանի տեղ, և պետք է նշեմ, որ, փառք Աստծո, որևիցե բնակավայր գրավված չէ, և որևիցե բնակավայրում հակառակորդ չկա, բայց, ինչպես ասվել է, Ադրբեջանը տարբեր տեղերում ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, և այսօր գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում»:

Եվ թեպետ սեպտեմբերի 17-ի երեկոյան News.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասել էր, որ Ալեն Սիմոնյանն ընդամենը Գլխավոր շտաբի պետի՝ սեպտեմբերի 16-ին արված հայտարարության մասին ավելի բաց է խոսել, միևնույն է, թեմայի վերաբերյալ խմորումները չեն դադարում թե հայկական մամուլում, և թե սոցցանցային տիրույթում:

Իհարկե, դիլետանտիզմի ու անվտանգային գրագիտության իսպառ բացակայության մաստեր կլաս ցուցադրեց Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանական երկրի՝ իր կարևորությամբ երկրորդ պաշտոնյան՝ պատերազմական վիճակում գտնվող ազգաբնակչությանը ենթարկելով հոգեբանական դիվերսիայի ու խուճապ տարածելով, և սա այն դեպքում, երբ բոլորս գիտենք՝ ՀՀ սահմանները գործնականում անպաշտպան են:

Սեպտեմբերի 17-ին մասնավորապես «Հրապարակը» գրել էր, որ խմբագրության հետ կապ են հաստատել Վանաձորի բնակիչներ և ասել, որ Վանաձորում ոստիկանները գնում են մարդկանց տներ, ասում են` դռները չբացեն, զգույշ լինեն և օտար մարդկանց ներս չթողնեն:

Կարդացեք նաև

Այսօր 168.am հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ Վանաձոր քաղաքի ոստիկանները ձեռնարկել են բնակարանային գողությունների կանխարգելման միջոցառումներ:

Հարցին՝ իսկ բնակչությանը տեղեկացրե՞լ են, որ հենց այդ նպատակով են բնակարաններ այցելելու, պատասխանեցին՝ այո՛, զգուշացրել են և նույնիսկ խորհուրդներ են տվել՝ ինչպես վարվել կասկածելի այցերի ու զանգերի դեպքում:

«Ի դեպ, կանխարգելիչ միջոցառումները պարբերական բնույթ են կրում ողջ հանրապետությունում»,- ասացին Ոստիկանությունից՝ հավելելով, որ, ի վերջո, դա իրենց գործառութային պարտականություններից մեկն է:

Բնական է, որ մարդիկ վախեցած են ու ավելի զգայուն, որովհետև երբ երկրի ղեկին ունենում ես ոչ կոմպետենտ, դիլետանտ, լայքի հետևից ընկած ու Ֆեյսբուքով պետություն կառավարող իշխանություն, ժողովրդին այլ բան չի մնում, քան առավել զգոն լինելն ու յուրաքանչյուրին կասկածելը:

Տեսանյութեր

Լրահոս