Ռուսաստանում օգոստոսին 5,4 անգամ ավելացել են քովիդով հիվանդացության դեպքերը
Ռուսաստանում օգոստոսին կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 5,4 անգամ գերազանցել է նախորդ ամսվա ցուցանիշը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք կատարվել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա:
Օգոստոսի 1-ից մինչեւ 31-ը շտաբը հայտնել է վարակման 927 250 դեպքի մասին՝ մեկ ամիս առաջվա 171 480-ի դիմաց: Հիվանդացածների թիվը դարձել է առավելագույնը 2022 թվականի մարտից ի վեր:
Քովիդի պատճառով մահացությունը նույնպես աճել է, բայց ոչ այդպես զգալիորեն. մոտավորապես 45 տոկոսով: Եթե հուլիսին շտաբն արձանագրել էր 1 321 մահվան դեպք, ապա օգոստոսին՝ 1 913: Ըստ որում վարակի մահացության ցուցանիշն իջել է մինչեւ նվազագույն մակարդակ. անցյալ ամսին այն կազմել է շուրջ 0,8 տոկոս, իսկ այս ամսին՝ սոսկ 0,2 տոկոս, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները:
Քովիդից հետո ապաքինման դեպքերի թիվն ավելացել է 5,3 անգամ. օգոստոսին շտաբը հայտնել է 621 236 բուժվածների մասին՝ հուլիսի 117 181-ի դիմաց: Սակայն հիվանդացության վերելքի պատճառով ապաքինվածների բաժինն ամսվա արդյունքներով 96,6 տոկոսից նվազել է մինչեւ 95,2 տոկոս: