«Որոշակի հատվածներ ես ինքս տեսել եմ». Տիգրան Աբրահամյանը՝ Հադրութի անտառից Շուշի ապօրինի կառուցված ճանապարհի մասին, որից օգտվել են ադրբեջանցիները․ aravot.am

Սոցցանցերում Հադրութի հետ կապված ասեկոսեներ են տարածվում, թե արցախյան առաջին պատերազմից հետո ինչպես են «կեղեքվել» հադրութցիները ու ինչ «ապօրինի բիզնեսներ» են այնտեղ գործել:

aravot.am–ը գրում է, որ ըստ այդ գրառման, Հադրութում վերջին 30 տարում որեւէ մանկապարտեզ, խաղահրապարակ չի կառուցվել, իսկ 2020թ.-ին, երբ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ փորձել են կառուցել խաղահրապարակ, պարզվել է, որ Հադրութում չեն կարող գտնել մի փոքրիկ հողակտոր, քանի որ շրջանի բոլոր հողերը զավթած են եղել գեներալներն ու Արայիկ Հարությունյանը:

Բացի այդ, Հադրութի շրջանում խիստ վերահսկողության տակ գոյություն է ունեցել «անտառային մաֆիա, որն աշխատել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի եւ ղարաբաղյան կլանի այլ ներկայացուցիչների» մասնակցությամբ: Հայաստանից շուրջ 300 զինվոր հերթով գնացել են ծառահատման աշխատանքների, փայտի մեծ մասը վաճառվել է Հայաստանում, մի մասն ուղարկել են Հադրութի փայտամշակման կոմբինատ, որը պատկանել է Բակո Սահակյանին:

Պատերազմից մեկ տարի առաջ Բակո Սահակյանի շրջապատը վաճառել է կոմբինատը։ Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին հարցրեցինք՝ այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը: Նա պատասխանեց.

«Բակո Սահակյանը անտառների հետ կապված որեւէ բիզնես չի ունեցել եւ չունի: Այդ տեղեկությունը ես էլ եմ կարդացել, բայց դա Բակո Սահակյանին չէր վերագրված, վերագրված էր այլ անձի: Բակո Սահակյանը երբեւէ անտառների հետ կապված որեւէ բիզնես չի ունեցել: Չի համապատասխանում իրականությանը: Եղել են տեղեկություններ տարբեր անձանց հետ կապված՝ Արայիկ Հարությունյանի եւ նրա տարբեր թիմակիցների, որ մինչեւ պատերազմը տարածքներ են ունեցել, դրանք վաճառել են, հատկապես՝ հարավային հատվածում, բայց Բակո Սահակյանի հետ կապված նման տեղեկություն չեմ էլ լսել, առաջին անգամ եմ լսում: Եվ իրեն լավ ճանաչելով՝ կարող եմ միանշանակ հերքել, նա անտառի հետ կապված որեւէ բիզնես չի ունեցել ու չունի»:

Ըստ տարածված այդ գրառման, Արցախի ԱԱԾ- ն եւ ղարաբաղյան կլանը կատարել են ամենասարսափելի սխալը, երբ աչք են փակել Հադրութի շրջանի անտառներով Շուշի ապօրինի ճանապարհ կառուցելու վրա՝ Հայաստան փայտի մաքսանենգության համար: Հենց այդ ճանապարհով ադրբեջանական զորքերը, 44-օրյա պատերազմի ժամանակ, տեխնիկա են տեղափոխել Շուշիում։

Այս առնչությամբ Տիգրան Աբրահամյանը ուշագրավ պատասխան տվեց. «Ես ինքս տեսել եմ, նաեւ որոշակի կադրեր կային ժամանակին հրապարակված, կոնկրետ մարդ կար, ով մինչեւ 2020 թվականը Արցախում բարձր պաշտոն էր զբաղեցնում եւ նա է զբաղված եղել դրանով: Բայց գիտեք, այս պահին մի քիչ դժվար է բոլոր հանգամանքները բերել եւ եթերում եզրակացություններ անել: Միայն այս իշխանության բացակայության պայմաններում կարելի է արդարացի, օբյեկտիվ քննություն տանել ու տեսնել՝ ով ինչպես է նպաստել պարտությանը ու ով իրականում ինչպիսի համագործակցություն է ունեցել Ադրբեջանի կամ մեկ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս