«Ես չեմ կարող գնահատական տալ, որ դա քարոզարշավ էր»․ Երևանի գործող քաղաքապետը՝ ողբերգության վայրում Ավինյանի հայտնի հայտարարության մասին. hraparak.am
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից Hraparak.am-ը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ Տիգրան Ավինյանը երեկ այցելել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայր և ողբերգության ֆոնին, ըստ էության, քարոզարշավ էր անում՝ հայտարարելով, որ ինքն այդտեղ է՝ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։
«Ես չեմ կարող գնահատական տալ, որ դա քարոզարշավ էր։ Կարծում եմ՝ դա ավելի շատ քարոզարշավ չէ։ Լրագրողների հարցը չեմ հասկացել, անկեղծ, թե որպես ինչ է էնտեղ եղել։ Ցանկացած քաղաքացի կարող էր էնտեղ լինել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի պարոն Ավինյանին հարցնել»,-ասել է քաղաքապետը։
Հարցին՝ եկող տարի կայանալիք ընտրությունների, այդ թվում՝ Ավինյանի թեկնածության մասին ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ մասնակցություն կունենաք այդ ընտրություններին, Հրաչյա Սարգսյանը պատասխանել է․
«Ես կարծում եմ՝ դեռ վաղ է քարոզարշավը սկսելուն, դեռ բավականին ժամանակ կա, աշխատում ենք։ Ինքս թիմային աշխատող եմ, և ինչ որոշում որ լինի, ըստ էդ որոշման արդեն առաջ կգնանք»։