«Երկու օր է՝ ամեն ինչ խաղաղ է, որևէ դիրքային կորուստ չենք ունեցել, տղաներն իրենց դիրքերում ամուր կանգնած են». Վանքի համայնքապետ

Արցախի Հանրապետության Վանք համայնքում իրավիճակը կայուն է, թշնամին վերջին երկու օրերին սադրանքների չի դիմել։ 168.amի հետ զրույցում ասաց Վանքի համայնքապետ Անդրեյ Սարգսյանը։

«Իրավիճակը խաղաղ է, բնակչությունն իր առօրյա կյանքով է ապրում։ Ժողովրդի մեջ որևէ խուճապ չկա։ Մենք որևէ դիրքային կորուստ չենք ունեցել, մեր տղաներն իրենց դիրքերում ամուր կանգնած են»,- նշեց Վանքի համայնքապետը։

Ըստ համայնքապետի, թշնամու սադրանքները որևէ կերպ չեն խանգարել մարդկանց, որպեսզի նրանք գնան Գանձասար։

«Մարդիկ, ինչպես մնացած օրերին, այս պահին էլ գնում են Գանձասար, նրանց մեջ որևէ վախ չի առաջացրել թշնամին։ Ինքս էլ այս պահին արդեն հասնում եմ եկեղեցի»,- շեշտեց Վանքի համայնքապետը։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա ընդգծեց, որ թշնամին Վանք համայնքից գտնվում է 20 կմ հեռավորության վրա։

«Թշնամու ախորժակը մեծ է, չի կշտանում ու փորձում է նոր տարածքներ օկուպացնել։ Ինքն իր համար քարտեզ է գծել ու առաջ է գալիս, թե այս սարը մերն է, այս ձորը մերն է։ Օգոստոսի 1-ին իրավիճակը լարվեց, բայց արդեն 2 օր է, ամեն ինչ խաղաղ է, որևէ բան տեղի չի ունեցել»,- եզրափակեց Անդրեյ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները կրկին դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Թշնամու սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ զինծառայող էր վիրավորվել։

 

Տեսանյութեր

Լրահոս