«Դատավորների ձեռքերն ազատված են. նրանք ժամանակ են ձգում՝ մինչև վերևում կգտնեն Ջհանգիրյանի գործառույթը կատարողին». Մանթաշյան

20 միլիոն դրամ գրավով օրեր առաջ կալանավայրից դուրս եկած «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը պնդում է՝ դատարանն իր խափանման միջոց կալանավորումը փոխել է՝ պայմանավորված ոչ թե արդարադատություն իրականացնելու ցանկությամբ, այլ ինչ-ինչ հանգամանքներով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Մանթաշյանը նաև իրեն առաջադրված մեղադրանքը համարեց անհիմն՝ պայմանավորված բացառապես իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու՝ իշխանության ցանկությամբ։

«Ինչ վերաբերում է ինձ այս փուլում գրավով ազատ արձակելու դատարանի որոշմանը, ապա պետք է հիշեցնեմ, որ իմ կալանավորման 7 ամիսների ընթացքում 8 անգամ դատարան ենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն՝ դատարանին առաջարկել սահմանել իր համար նախընտրելի գրավի չափ, սակայն այդ բոլոր 8 անգամների դեպքում դատարանը մերժել է, և հիմա, երբ որևէ հանգամանք չի փոխվել, դատարանը որոշում է կայացնում 20 միլիոն դրամ գրավով խափանման միջոց փոխել։ Հարց է առաջանում՝ ինչն էր խանգարում դատարանին 20 միլիոն գրավով ինձ ազատ արձակել ավելի վաղ, հենց այդ հարցն է, որը գալիս է ապացուցելու, որ կա՛մ նոր քաղաքական հրահանգ չի եղել ինձ այս նիստով ևս կալանքի տակ պահելու, կա՛մ քաղաքական գործերի ապահովմամբ զբաղվող Գագիկ Ջհանգիրյանի գնալով՝ դատական համակարգում ի հայտ է եկել նոր հանգամանք»,- ասաց Նարեկ Մանթաշյանը՝ հավելելով՝ դատական համակարգում քաղաքական իշխանություններից չեզոքություն պահպանող և պատվեր չկատարող դատավորներն այս իշխանության օրոք հայտնվում են կալանավայրում՝ ինչպես, օրինակ, դատավոր Բորիս Բախշիյանը, սակայն կան դատավորներ, որոնք պատրաստ չեն դիմակայելու ճնշումներին։

«Գագիկ Ջհանգիրյանի գնալուց հետո իշխանությունները դեռևս չեն գտել այն մարդուն, ում կվստահեն Գագիկ Ջհանգիրյանին վստահված գործառույթը, հետևապես՝ քանի դեռ չեն գտել, դատավորների ձեռքերը ազատված են։ Ես ունեմ վստահություն, որ շատ դատավորներ հիմա փորձում են որոշակի ժամանակ ձգել, մինչև հասկանան վերևից իջնող տրամադրությունները, որոնք քաղաքական դատապարտյալների նկատմամբ երբեք չեն կարող լավը լինել, որովհետև կա տեսակետների տարբերություն։ Այսօր իշխանությունը չար երեխայի պես մուրճ է բանեցնում, ինչը, սակայն կոտրվելու է»,- ասաց Մանթաշյանը։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե դատական իշխանության անկախության մասին իր նկարագրածի լրիվ հակառակ պատկերն է ներկայացրել վերջերս Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ասելով, թե օր օրի տեսնում է, որ դատական համակարգում շատ լավ գործընթացներ են տեղի ունենում, նույնիսկ ամենավատ դատավորը, որն այսօր էլ ծվարած է դատարանում, նույնիսկ ինքը սկսել է արդար դատել, Նարեկ Մանթաշյանը հակադարձեց.

«Սա ուղիղ միջամտություն է դատական իշխանությանը, նախարարն ո՞վ է, որ որոշի՝ դատավորն արդա՞ր է դատում, թե՞ ոչ. դատավորը դատում է օրենքով և իր համոզմունքների համաձայն ու պետք է ունենա լիարժեք ազատություն։ Այնպես որ, այս մարդիկ սովորական երեսպաշտներ են, նրանց մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Նման ծառայամիտ մարդիկ բոլոր ժամանակներում լինելու են, նրանք մտածում են այսպես՝ եթե իմ հաց տվողը Փաշինյանն է, պարտավոր եմ ծառայել Փաշինյանին՝ թեկուզ դա հակասի իմ սկզբունքներին»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս