1.4 միլիարդ՝ Սյունիքում մի հիմնադրամի, որը նախորդիվ հատկացված միլիոնները ծախսել է անհայտ ուղղությամբ

2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Սյունիքի մարզի կարիքների բավարարման համար։

Ուշագրավ է, որ ընտրություններից առաջ 1.5 միլիարդը բյուջեից ուղղվեց ոչ թե Սյունիքի մարզպետարանին, այլ Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին։

Դա առաջացրել էր Ֆինանսների նախարարության դժգոհությունը, որտեղից առարկել էին, որ այդ հիմնադրամին պետական բյուջեից գումարի հատկացումը կասկածելի է և այդ հիմնադրամին գումար են տալիս մի նպատակի համար, որի ծախսման նպատակը հստակ ներկայացված չէ, ավելին՝ հայտնի չեն նաև գումարը ստացողները, ակնհայտ չեն նաև այն թիրախավորված խնդիրները, կարիքների գնահատումները, որոնք անհրաժեշտ են գումարի բաշխման համար։

Ավելին՝ Ֆինանսների նախարարությունից նաև հայտնել էին, որ Սյունիքի մարզի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման առնչությամբ բացակայում են աջակցության արդյունքների և հրատապ հիմնախնդիրների նվազեցման միտումների վերաբերյալ գնահատումներն ու հիմնավորումները։

Եթե ձևակերպենք շատ կարճ, ապա Ֆինանսների նախարարությունն ասել էր՝ բյուջեից 1,5 միլիարդ ենք տվել, բայց չենք տեսնում, թե դա ինչի վրա է ծախսվել։

Բյուջեից ամեն մի դրամի ծախսի վերաբերյալ ժողովրդին հաշվետու լինելու խոստման դիմաց ուղիղ հակառակն անող Կառավարությունը որոշել է դասեր չքաղել Ֆինանսների նախարարության այդ մտահոգիչ և կոշտ առարկությունից, և հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով՝ նույն հիմնադրամին, նույն փաթեթավորմամբ՝ հրատապ խնդիրների լուծման համար, որոշեց նորից 1.4 միլիարդ դրամ հատկացնել։

Այդ հիմնադրամը հրատապ է որակել ինչ-որ վարչության շենքի նորոգումը, ՊԵԿ-ի համար նոր մեքենայի գնումը, Ոստիկանության համար 2 նոր մեքենայի գնումն ու հիմնադրամի՝ կուտակած պարտքերի մարումը։

Հենց այս նպատակների համար էլ կծախսվի բյուջեից հատկացված 1 միլիարդ 400 միլիոն դրամը։

Տեսանյութեր

Լրահոս