«Եթե այս իշխանությունը մատը մատին չի խփում, Հայկ Մամիջանյանը որպես մտահոգ պատգամավոր՝ փորձել է ինչ-որ քայլով ինքն էլ որևէ նպաստ բերել ռազմագերիներին ազատ արձակելու գործին»․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր Կառավության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում դժվարացավ մեկնաբանել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցը Հայաստան։
«Այն մարդկանց թվին եմ պատկանում, որ եթե մի բանից ամբողջական տեղեկատվություն չունեմ, չեմ մեկնաբանի։ Ծալքերն ու խորքերը չեմ կարող ասել, հատկապես, որ ամբողջական տեղեկատվություն չկա, քանի որ իշխանությունը ամբողջական տեղեկատվություն չտվեց։ Սակայն մեկ հանգամանք կուզեմ նշել, որ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի այցը Հայաստան աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, քանի որ վերջին անգամ այդ պաշտոնը զբաղեցնող անձը 1994 թվականին է եկել Հայաստան: Ըստ այդմ նման այցն այս իշխանությունը փորձում էր կոծկել, մինչև տեղեկատվական արտահոսք եղավ։ Սա արդեն խոսուն փաստ է։ ՌԴ արտաքին հետախուզության պետի այցը Հայաստան նախապես ազդարարվել էր։ Եվս մեկ արտառոց փաստ կա, որ ԱՄՆ պաշտոնյան հանդիպել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ իր կոլեգայի՝ ԱԱԾ տնօրենի հետ առանձին հանդիպում չէր ունեցել։ Ժամանակի ընթացքում գուցե որոշակի ծալքեր բացահայտվեն»,- նշեց Գեղամ Մանուկանը։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու իշխանության նախաձեռնությանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը խելոք պետք է գնա խորհրդարան, Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ երիտասարդ տարիքում պատգամավորներ դարձածները, եթե կարծում են, որ իրենք պատմության ուսուցիչ են կամ դասղեկ՝ սխալվում են, իրենց չկայացվածության հետևանքով է նման տպավորություն։
«Ընդդիմությունը խելոք որևէ տեղ չի գնա, ընդդիմությունն իր առաքելությունն ունի, իր մանդատներն ունի և ըստ այդ մանդատի էլ շարժվելու է»,- շեշտեց պատգամավորը։
Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը միանո՞ւմ է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց այցելելու կոչին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ իրականում այդ ամենը երևի Հայկ Մամիջանյանի անհատական նախաձեռնությունն է, հասկանում է նրա մտահոգությունները։
«Եթե այս իշխանությունը մատը մատին չի խփում ռազմագերիներին վերադարձնելու համար՝ հակառակ իրենց խոստմանը, որ երկու ամսից կբերեն, և Հայկ Մամիջանյանը որպես մտահոգ պատգամավոր՝ փորձել է ինչ-որ քայլով ինքն էլ որևէ նպաստ բերել ռազմագերիներին ազատ արձակելու գործին։ Մենք դրան միանալու հարց դեռևս չենք քննարկել»,- ընդգծեց Գ. Մանուկյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան ընդդիմությունը՝ բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում՝ նաև մտավորակության ներկայացուցիչների հետ, բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ ի աջակցություն քաղբանտարկյալների։ Ակցիայի մասնակիցներն իրենց ասելիքը ՄԱԿ-ի գրասենյակի առջև ներկայացնելուց հետո, քայլերթով գնացին Կառավարության շենքի մոտ՝ բողոքի ակցիան շարունակելու համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում