Բաժիններ՝

Լեոյի 12 հասցեի բնակիչները բողոքում են շենքին կից պատը քանդելու դեմ

Երևանի Լեո 12 և 54 շենքերի բաժանարար պատը քանդում են, ինչի դեմ բողոքում են բնակիչները: Պարզվում է, պատը խանգարում է հարևանությամբ կառուցվող դեպի բազմահարկ հյուրանոցի  հետնամաս մուտքին: Բնակիչները մտավախություն ունեն, որ հյուրանոցի կառուցման ավարտից հետո չեն կարողանալու իրենց մեքենաները կայանել շենքի բակում։ Բնակիչները հյուրանոցի կառուցմանը դեմ չեն եղել, սակայն համոզված են, որ պատը քանդելու թույլտվություն կառուցապատողը չունի և ուզում է բաժանարար պատն ապօրինի քանդել:

«Ար-Արտ» ՍՊԸ ներկայացուցիչները, բնակիչների բողոքին ի պատասխան, ներկայացրին քանդման աշխատանքների թույլտվությունն ու Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագիծը, սակայն բնակիչները մնացին անդրդվելի:

Նրանք պահանջեցին դադարեցնել պատը քանդելու աշխատանքները, տալ մեկշաբաթյա ժամկետ ոստիկանություն և քաղաքապետարան բողոք գրելու և իրենց շահերը պաշտպանելու համար:

Լեոյի 12 հասցե հրավիրված ոստիկանները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ հրավիրվել են կառուցապատող ընկերության կողմից՝ իրավիճակի լարում թույլ չտալու համար:

Պատի որոշակի հատված այնուամենայնիվ քանդվեց, ինչը հարուցեց բնակիչների զայրույթը: Ոստիկանության միջամտությամբ պատի քանդման աշխատանքները դադարեցվեցին մինչև հուլիսի 19-ը:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեմիրճյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս