Վարանը պատժեց Բարսելոնային շռայլության համար (տեսանյութ)
2013 թվականի առաջին Էլ Կլասիկոն կայացած է. Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեալ» – «Բարսելոնա» առաջին հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Եթե «Ռեալը» նոր է մոտենում իր լավագույն մարզավիճակին, ապա «Բարսելոնան» մարզվիճակի գագաթնակետին է: Այդ մասին խոսում են թիմերի դիրքերը Պրիմերայում: Սակայն ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Էլ Կլասիկոյի ժամանակ ոչ մարզավիճակը կապ ունի, ոչ թիմերի կազմերը և ոչ էլ խաղադաշտը:
Հանդիպման առաջին լուրջ վտանգավոր պահը տեղի ունեցավ 21-րդ րոպեին, երբ Չավիի իրացրած տուգանային հարվածից հետո դարպասաձողը փրկեց առաջին անգամ Էլ Կլասիկոյին մասնակցող «արքայական» ակումբի դարպասապահ Դիեգո Լոպեսին: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ մի քանի սուր գրոհ կազմակերպեցին, բայց հաշիվը չբացվեց:
Ընդմիջումից հետո «Բարսելոնան» ուժեղացրեց ճնշումը Լոպեսի դարպասին և 50-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո Սեսկ Ֆաբրեգասը բացեց հաշիվը:
«Բարսելոնան» մի քանի անգամ կարող էր մեծացնել տարբերությունը, բայց 2 դեպքում այս խաղի հերոս Ռաֆայել Վարանը փրկեց իր թիմին, 2 դեպքում էլ կատալոնացիները անփույտ գործեցին գրոհների եզրափակիչ փուլում, ինչի համար շուտով պատժվեցին: 81-րդ րոպեին Վարանն արդեն գերազանց գործեց հարձակման կրակագծում: «Ռեալ» – «Բարսելոնա»` 1:1 ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը