Բաժիններ՝

Ինչպես վերականգնել զեղչերի հանդեպ հավատը. ՄՊՀ նախագահը նոր նախագիծ է ներկայացրել

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նոր նախագիծ, որը Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կարևոր նախաձեռնություն է համարում՝ զեղչերի, ակցիաների հանդեպ մարդկանց հավատը վերականգնելու համար: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ստացավ 55 կողմ ձայն:

«Նախագծերով առաջարկվում է սահմանել ակցիայի սահմանումն ու դրա տեսակները, մասնավորապես զեղչը և ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, սահմանել զեղչի հասկացությունն ու կիրառման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ 3 ամիս, զեղչի հաշվարկումը, ելակետային գին և այլն, տարանջատել զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը»,- ասաց Գևորգյանը:

Ըստ նրա՝ նախագծով առաջին հերթին ցանկանում են դաշտը հստակ կարգավորել, ինչը առաջինը հնարավորություն կտա պաշտպանել սպառողների շահերը, երկրորդը, որ տնտեսավարողներն ավելի կանխատեսելի միջավայրում իրենց գործունեությունը ծավալեն, և երրորդը, որ հանձնաժողովը սկսի իրականացնել իր կանխարգելիչ ֆունկցիան:

«Սա կարևոր նախաձեռնություն է՝ սպառող և տնտեսավարող սուբյեկտների միջև վստահության բարձր մակարդակ սահմանելու և ՀՀ-ում բազմաթիվ զեղչերի, ակցիաների հանդեպ իրական հավատը վերականգնելու համար»,- ասաց ՄՊՀ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս