2022-ը, լավ թե վատ, կգլորենք, 2023-ը է ծանր լինելու․ պարզ թվաբանությունը հուշում է, որ Արցախն առաջիկայում, ինչպես աշխարհը, բախվելու է ցորենի ինքնաբավության խնդրին. Աշոտ Հարությունյան
Արցախի կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը: Որոշումը կայացվել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն:
«Մինչև պատերազմը մենք հացահատիկի արտադրությամբ լրիվ ինքնաբավ էինք և բավականին մեծ քանակությամբ արտահանում էինք: Պատերազմից հետո, տարածքների կրճատման հետևանքով ունեցանք հացահատիկի, ալյուրի և անասնակերի ինքնաբավության խնդիր, այդ պատճառով էլ որոշում կայացվեց այս տարվա բերքն ամբողջությամբ թողնել Արցախի Հանրապետությունում, որպեսզի առաջնահերթ կարողանանք բավարարել ներքին պահանջարկը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:
Նրա խոսքով, նախորդ աշնանից հացահատիկի մշակությամբ զբաղվող հողօգտագործողների համար իրականացվել են պետական աջակցության մի շարք ծրագրեր: Դրանք լավ արդյունք են տվել, և այս տարի բավականին լավ բերք ենք սպասում: Բերքահավաքը ցույց է տալիս, որ բերքատվությունը բարձր է, և եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ներքին պահանջարկը կբավարարի: Եթե ներմուծման կարիք լինի, ապա միայն սերմեր:
«Արցախը մինչև 2018թ. ոչ միայն ինքնաբավ է եղել հացահատիկի առումով, այլ նաև ռեզերվ է եղել Հայաստանի Հանրապետության համար: Որ պահին ունենում էինք ճանապարհային կամ ներկրման խնդիրներ, Արցախից էինք ստանում բավականին բարձր բերքատվության հացահատիկ: 2018-ից հետո Արցախում գրանցվեց բերքատվության անկում, իսկ արդեն պատերազմի ծանր հետևանքներից հետո, երբ գրանցվեց տարածքային 75 տոկոսի կորուստ, մնացած ցանքատարածությունները մշակվում են մեծ դժվարությամբ, թշնամու նշանառության տակ: Մարտակերտում և Ասկերանում դիտված կարկուտն էլ իր հերթին հանգեցրել է ինքնաբավության խնդրին: Արցախից ստացվող տվյալներով, խոսքը 8400 տոննայի մասին է, 120 հազար բնակչի հաշվով, իսկ մեկ մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունն ապահովելու համար հարկավոր է 380 գրամ հաց: Պարզ թվաբանությունը հուշում է, որ Արցախն առաջիկայում, ինչպես աշխարհը, բախվելու է ցորենի ինքնաբավության խնդրին: Դրանով է պայմանավորված Արցախից հացահատիկի արտահանման արգելքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Նրա խոսքով, Հայաստանում նույնպես, որպես պատերազմող երկիր, հացահատիկի առումով ինքնաբավության 21-23 տոկոս մակարդակը սարսափելի ցածր ցուցանիշ է: Այսօր առաջին հերթին իշխանությունը պիտի մտածի զինվելու, բանակի և հացի խնդրի մասին:
«Ասում են՝ Ռուսաստանում ցորեն շատ կա՝ բայց ձե՞զ ինչ: Եթե Լարսը փակվի, ցորենը ո՞նց եք բերելու: Լարսը միայն ձմեռը չի փակվում, տարբեր պատճառներով՝ ուժեղ անձրևից էլ է փակվում: Մեռանք ասելով՝ պետություն, քո լծակներով ծրագրեր իրականացրու, ժողովրդին հողերը մշակելու շահագրգռվածություն տուր, բարձր որակի սերմացու բեր, ցորենի մթերման գինը բարձրացրու: Ի՞նչ են անում՝ արհեստական պարարտանյութի աստղաբաշխական գներ, ամիսներ շարունակ դիզվառելիքի սոսկալի բարձր գներ, որոշ տեղերում արդեն սկսվել է հացահատիկի բերքահավաքը, մինչև օգոստոսի 25-ը բարձր լեռնային գոտիներում պետք է ավարտված լինի ցորենի բերքահավաքը, բայց բերքը քիչ է՝ հերիք չի, արդեն վտանգված է հաջորդ տարվա աշնանացանի բերքը, չկա սերմի բազա, չկա մտածող, չկա ծրագիր: Լավագույն դեպքում կհավաքվի մոտ 150 հազար տոննա հացահատիկ, բայց դա մեր պահանջարկի ո՞ր մասն է:
Լավ, էս տարի մի կերպ իներցիայով անցկացրինք, բա հաջորդ տարի ի՞նչ ենք անելու: Մի տարի գյուղատնտեսության մեջ սխալ ծրագիր անելը հինգ տարով հետ է գցելու գյուղատնտեսությունը:
Ես վաղուց եմ ասել, որ մեր հանրապետությունն ունենալու է ցորենի խնդիր: Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով արդեն աշխարհն ունի ցորենի խնդիր: Այսօր Արցախն է արգելել ցորենի արտահանումը, օրեր առաջ Վրաստանը հայտարարեց դրա մասին, իսկ իմ ունեցած տվյալներով, նույնը սպառնում է նաև Իտալիային, քանի որ Իտալիայի հյուսիսային շրջաններում սաստիկ երաշտ է: Աշխարհում տիրող էս իրավիճակը պետք է մեր բարձրաստիճան այրերին ստիպեր ժամ առաջ ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- նշեց Աշոտ Հարությունյանը:
Հարցին, թե այսօր Հայաստանը պարենային անվտանգության խնդրի առջև է կանգնա՞ծ, Աշոտ Հարությունյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ պարենային անվտանգության խնդիրը երեկ է ծագել, դուք այսօր արձանագրել եք, ես հորդորում եմ, ու վաղը էդ հարցը կլուծվի: Արդեն հինգերորդ տարին է՝ համակարգված խնդիրներն ավելի են բարդանում: Էդքան ասել ենք, բայց նույնիսկ չեն էլ քննարկել: Ժամանակ առ ժամանակ բաց են թողում ինչ-որ սխալ ծրագիր:
Հայտարարում են Հայաստանում շաքարի ճակնդեղի սերմնաբուծության զարգացման մասին, որը «Եվրազեսին» կապահովի սերմերով: Նախորդ տարի կանեփն էր, դրանից մի տարի առաջ սմարթգոմերն էին, ևս մի տարի առաջ հողերի խոշորացումն էր: Ո՞ր մեկը արդյունք տվեց, թեթևացրե՞ց ժողովրդի հոգսը, հզորացրե՞ց պետությունը: Հիմա ինչքան էլ ասենք՝ էսպես պիտի արվի, էս մարդիկ կա՛մ չգիտեն ոնց անեն, կա՛մ համառորեն չեն ուզում անել: Ոնց որ անցած տարի էի ասում, որ աշխարհում խնդիր է լինելու, մենք ընկնելու ենք էդ տեղապտույտի մեջ, ասում էին՝ Ռուսաստանում ցորեն շատ կա: Հիմա էլ նույնը, չգիտենք՝ եկող տարի ի՞նչ անակնկալներ կլինեն աշխարհաքաղաքական առումով, փոխանակ խելոք լինեին ու Ռուսաստանից, Ղազախստանից ու ԵԱՏՄ-ից բարձր որակի սերմացու ներկրեին, որ կարողանայինք մինչև սեպտեմբեր ցանք կատարեինք, որ կարողանայինք լուծել հաջորդ տարվա հացահատիկի պաշարի խնդիրը: 2022-ը, լավ թե վատ, կգլորենք կգնա, 2023թ.-ն է ծանր լինելու»:
Աննա Դեմիրճյան