Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ
Կիրակի գիշերն ուկրաինական զորքերը «Տոչկա-Ու» հրթիռներով և «Ռեյս» անօդաչու սարքերով գնդակոծել են ՌԴ Կուրսկի և Բելգորոդի մարզերի տարածքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ից մինչև 03:30-ը Կիևի ռեժիմը «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով կասետային զինատեսակներով և «Տու-143 Ռեյս» անօդաչու սարքերով դիտավորյալ հարված է հասցրել Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ զինվորական օբյեկտներ չկան»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են արձակված բոլոր երեք հրթիռները, սակայն դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։
Գնդակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ։ Մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան և մոտ 40 մասնավոր շենքր։