«Չգիտեմ՝ ում վիզն ենք պոկելու, բայց այս պայքարը չի դադարելու»․ զոհված զինծառայողների հարազատները երկուշաբթի օրը կրկին կգնան Գլխավոր դատախազություն
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները երկուշաբթի օրը կրկին կհավաքվեն Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջելու՝ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխվի Ազգային անվտանգության ծառայություն։
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ չնայած հունիսի 30-ին Գլխավոր դատախազի հետ հանդիպմանը Արթուր Դավթյանին 1 օր ժամանակ էին տվել, սակայն հանգամանքների բերումով Դատախազություն գնալը հետաձգել են։
«Քանի որ մեր ընկերներից Վիգենի որդին է լույս աշխարհ եկել, 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի եղբայրը՝ Արմանը, երեկ չգնացինք Դատախազություն, բայց երկուշաբթի անպայման գնալու ենք։ Գնալու ենք՝ Արթուր Դավթյանին ասենք՝ ի՞նչ ես արել։ Մեր պահանջը նույնն է, որ Դավթյանը գործը վերցնի՝ փոխանցի ԱԱԾ»։
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ Դատախազությունը միտումնավոր ժամանակ է ձգում, մինչև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանա (Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին՝ 2 ամսից։- Ն․Խ․) և նրան փոխարինի Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը, ով ԱԺ-ի կողմից արդեն ընտրվել է, Գարիկ Գալեյանն ասաց, որ իրենք էլ են այդպես կարծում․
«Այո՛, կարծում եմ՝ ժամանակ են ձգում, մինչև Արթուր Դավթյանը գնա, բայց դե չեն ձգելու, պայքարելու ենք։ Չգիտեմ՝ ում վիզն ենք պոկելու, բայց այս պայքարը չի դադարելու։ Համը չհանեն, էլի, որ ծնողները որոշեն՝ իրենց դատաստանը ոնց է լինելու․․․»։
Զոհված զինծառայողների ծնողները հունիսի 30-ին նաև հայտարարել էին, որ պայքարի ֆորմատը փոխում են, և Ազատության հրապարակից վրանները հավաքեցին։ Ուստի Գարիկ Գալեյանին հարցրեցինք, թե դա կարո՞ղ է ազդել իրենց հետագա պայքարի վրա․
«Վրանները հանել ենք, բայց ծնողներով հավաքվում ենք, պահանջը չի դադարելու, պետք է մեռնեմ ուրեմն․․․»։