Ալիևը կտապալի՞ Միշելի միջնորդությունը. որտե՞ղ և ո՞ւմ միջնորդությամբ են շարունակվելու Փաշինյան-Ալիև բանակցությունները

Օրերս Աշխաբադում անցկացվող Կասպյան 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մեկնարկին Պուտինը, մասնավորապես, ասել է, որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ վիճակում են։

«Բոլորովին վերջերս մեր ԱԳ նախարարն էր այդտեղ։ Նախապատրաստվում են մեր վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը։ Սակայն ամենակարևորը մեր պլանների իրագործումն է, ավելի ճիշտ՝ մինչև 2024 թվականի մեր համատեղ՝ ռուս-ադրբեջանական պլանի։ Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության հարցեր, առաջին հերթին՝ կապված Ղարաբաղյան կարգավորման հետ։ Ձեզ հետ այդ մասին խոսել ենք, և հիմա հնարավորություն կլինի ևս մեկ անգամ այդ թեմայի շուրջ խոսելու»,- ասել է Պուտինը։

Ալիևն իր հերթին համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։ «Իհարկե, այսօր ևս մեկ հնարավորություն կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների շրջանակում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մասին»,- ասել է Ալիևը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ։

Աշխաբադում կայացած Պուտին-Ալիև հանդիպման հաջորդ օրը Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի, և դատապարտել այն վերականգնելու ջանքերը։

Ալիևի խոսքերով, հիմա, երբ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը, վերջ է տվել օկուպացիային, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը ռազմական և քաղաքական ճանապարհով, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա։

«Մենք արդեն հրաժեշտ ենք տվել Մինսկի խմբին, բայց, ցավոք, հայկական կողմը և այլք ցանկանում են վերակենդանացնել այդ խումբը,- Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական համաժողովում՝ հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով,- Ցանկանում եմ ասել, որ դա անհնարին է։ Այդ խումբն արդեն մեռած է, և մենք որպես օկուպացիայից տուժած երկիր՝ այդ մասին բաց ասում ենք։ Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված ցանկացած շահարկում ոչ միայն անարդյունավետ է, այլև՝ կործանարար։ Կործանարար հետևանքներ է ունենում տարածաշրջանում խաղաղության հնարավորության համար»:

Նա հիշեցրել է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ն Մինսկի խումբ էր ձևավորել, որի նպատակը հակամարտության լուծումը գտնելն էր, Ալիևի մեկնաբանությամբ՝ օկուպացիային վերջ տալն էր, բայց ընդհակառակը՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վերածվել էր գործիքի նրանց ձեռքում, ովքեր ցանկանում էին, որ օկուպացիան հավերժ շարունակվի»։

Աշխաբադի հանդիպումը Պուտին-Ալիև հերթական հանդիպումն էր Կրեմլում նրանց այս տարվա փետրվարի 22-ի բանակցություններից հետո, որի շրջանակում նրանց դաշնակցային համագործակցության մասին ծավալուն հուշագիր էր ստորագրվել: Այդ հանդիպումը, ի դեպ, տեղի էր ունեցել ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության պաշտոնական ճանաչումից հետո: Վերջերս նաև Բաքվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով նշել էր, թե Մինսկի խմբի հարցը Բաքվում ընդհանրապես չի քննարկվել, և որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։ «Այն առաջարկները, որոնք եղել են և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է»,- ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովը միաժամանակ պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հատուկ շեշտել, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ հայտարարություններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև։

Այս ամենին զուգահեռ՝ օրերս հայկական կողմն ուշագրավ տեղեկատվություն հայտնեց, որ ադրբեջանական կողմը տապալում է հանդիպումները, որոնք ըստ էության բրյուսելյան միջնորդության շրջանակում են:

Օրերս լրատվամիջոցների մեծ մասի կողմից բոյկոտված ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել ՀՀ ԱԳ նախարարության` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման առաջարկը: Նրանք հանդիպման ընթացքում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեին խաղաղության պայմանագրի և հետագա ընթացքի վերաբերյալ։ «Տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից առաջարկ է եղել Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որպեսզի տեղի ունենա այդ գերատեսչությունների ղեկավարների հանդիպում։ Արդեն առնվազն 1 դեպք ունենք, որ Ադրբեջանը բոյկոտել է և չի ներգրավվել աշխատանքներին»,- նշել էր Փաշինյանը։

Գնահատելով ռուս-ադրբեջանական շփումների մակարդակն ու որակը, բովանդակությունը, դրանց հնարավոր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, 168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ականատես ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված բարդ և ճկուն դիվանագիտական խաղի:

Ադրբեջանը, ըստ նրա, այդ խաղն իրականացնողներից մեկն է, որն այն կառուցում է իր իրավիճակային շահերի վրա՝ համագործակցելով մե՛կ Բրյուսելի, մե՛կ Մոսկվայի հետ:

«Չի բացառվում, որ Բաքուն սկսի քիչ-քիչ հրաժարվել, այսպես կոչված, բրյուսելյան միջնորդությունից, քանի որ այդ հարթակում բարձրացվում է ԵԱՀԿ ՄԽ վերականգնման թեման, շատ ավելի հազվադեպ՝ ԼՂ կարգավիճակի հարցը, չնայած պետք է նշել, որ ՌԴ նախագահն Ալիևի հետ իր վերջին հանդիպման ժամանակ խոսեց ԼՂ հակամարտության մասին, ինչը դեմ է Ալիևի գաղափարներին: Չէ՞ որ նա նշում է, թե հակամարտությունը կարգավորված է: Սա ռուսական կողմից նաև յուրահատուկ մեսիջ էր Ադրբեջանին: ԼՂ կարգավիճակի հարցը ներկայումս ՌԴ օրակարգում ևս ակտիվորեն չկա, քանի որ ՌԴ-ն ունի ներկայություն Ղարաբաղում, համարում է, որ Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը դա է՝ ռուսական անվտանգային պատասխանատվության գոտի, Ռուսաստանը նաև հետաքրքրված չէ ԵԱՀԿ ՄԽ վերականգնմամբ: Գուցե այնպես ստացվի, որ այս փուլում Բաքուն ավելի շատ շահեր գտնի Մոսկվայի հետ, դա նաև հարկավոր է Բաքվին Թուրքիայի հետ հարաբերությունների բալանսավորման իմիտացիայի համար:

Բացի այդ, ՌԴ-ն մնում է խաղացող Հարավային Կովկասում, իսկ Շառլ Միշելի միջնորդությունը հնարավոր դարձավ, երբ դեռ ուկրաինական պատերազմն ավելի անորոշ փուլում էր:

Այնուամենայնիվ, դա նաև անշրջելի գործընթաց չէ կողմերի համար և, ինչպես ցույց է տալիս ժամանակը, եռակողմ փաստաթղթերն ավելի ազդեցիկ են, ապաշրջափակման բանակցություններն են ընթանում, դա շատ պետք է Ադրբեջանին:

Տարածաշրջանում այսօր շատ բան է կախված Ռուսաստանից, և պատկերացնել, որ Միշելը հաստատվելու էր և միայնակ առաջ էր մղելու կարգավորման գործընթացը, իհարկե, անակնկալ զարգացում կլիներ»,- ասաց Սկակովը:

Սակայն, նրա խոսքով, այնպես էլ չէ, որ այս պահին հստակ կարելի է ասել, թե ինչ կլինի, և ով կմիջնորդի: Բայց այն, որ Բրյուսելի դիրքերն ամուր չեն, ըստ նրա՝ հստակ է:

«Սակայն հանդիպումների չեղարկումը, որոնց ընթացքում պետք է առարկայական հարցեր քննարկվեին, նշանակալի իրադարձություն է և ոչ պատահական: Չեմ կարծում, որ դա դեմարշ է միայն հայկական կողմին»,- նշեց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս