«Սա պարզապես խայտառակություն է». Էրիկ Ալեքսանյանը՝ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու դատարանի որոշման մասին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հունիսի 30-ին, հրատապ դատական նիստ էր նշանակվել՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց որոշումը․ դատարանը մերժել է միջնորդությունը։
«Դատարանը որոշեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ ամբաստանյալ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, որպես խափանման միջոց 80 մլն ՀՀ դրամ գրավ կիրառելու մասին մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- որոշումն ընթերցեց դատավորը:
Լրագրողների հարցին, թե սպասո՞ւմ էին նման որոշման, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Պարոն Մարտիրոսյանի պարագայում՝ միանշանակ այո: Կարծում եմ, դուք էլ, յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդ էլ էր դա սպասում: Հարցն այն է, որ որպես նոր հանգամանք՝ բարձրացրել ենք պարոն Հովսեփյանի հիվանդության հարցը և ներկայացրել ենք բավարար փաստական տվյալներ, որտեղ երևում էր և ակնհայտ էր, որ այն հիվանդությունը, որն առկա է պարոն Հովսեփյանի մոտ, ակնհայտ անհամատեղելի է կալանավորման հետ: Վկայակոչել ենք նաև կառավարության համապատասխան որոշումը, որտեղ այդ հիվանդությունների ցանկը հստակ նախատեսված է:
Պարզ տրամաբանությունը հուշում է, իրավական ողջամտությունը պահանջում է, որ եթե նույնիսկ խափանման միջոցի փոփոխում, ըստ էության, դատարանը տվյալ պարագայում չէր տեսնում, բայց գոնե սեփական նախաձեռնությամբ պետք է նշանակվեր համապատասխան դատաբժշկական փորձաքննություն: Բայց դատավոր Մարտիրոսյանից ողջամտություն սպասելը, կարծում եմ՝ անիմաստ է»:
Պաշտպանը հայտնեց, որ որոշումը բողոքարկելու են, այսօր՝ հունիսի 30-ին, միջնորդություն են ներկայացնելու՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, և խնդրելու են ևս մեկ անգամ հրատապ դատական նիստ հրավիրել՝ չսպասելով հուլիսի 7-ին նշանակված հերթական դատական նիստին:
«Էլի եմ ասում, սա պարզապես խայտառակություն է: Մենք չգիտենք՝ էլի ի՞նչ ասենք, որ հասու լինի այս մարդկանց»,- հավելեց Էրիկ Ալեքսանյանը: