ԵԱՀԿ ՄԽ վերականգնման թեման կարող է սերտացնել ռուս-ադրբեջանական համագործակցությունը հակամարտության շրջանակում. վերլուծաբան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գումարված Չմիավորման շարժման համաժողովի ընթացքում կրկին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը՝ ասելով, թե այդ խումբն անհրաժեշտ չէ:
«Մենք հրաժեշտ տվեցինք այս խմբին: Բայց, ցավոք, հայկական կողմը և մյուսները ցանկանում են վերակենդանացնել այս խումբը։ Ես ուզում եմ փաստել, որ դա հնարավոր չէ։ Այս խումբը մեռած է։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ ցանկացած շահարկում ոչ միայն անարդյունավետ է, այլև կործանարար։ Դրանք կործանարար ազդեցություն ունեն տարածաշրջանում խաղաղության վերականգնման վրա»,- նման ուղերձներ է հղել Ալիևը Երևանին ու Արևմուտքին:
Ինչպս հայտնի է, Մոսկվան ու Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման հարցի շուրջ լրջագույն տարաձայնություններ ունեն և ներկայումս այդ խմբի գործունեության չվերականգնման մեղավորությունը փորձում են բարդել միմյանց վրա: Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Մոսկվան տեղեկացրեց, թե Արևմուտքը հրաժարվել է այդ խմբում աշխատել Մոսկվայի հետ, իսկ օրերս Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան:
«Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր բյուրոյի՝ օրերս տարածած թվիթերյան գրառման մեջ:
Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը Երևանում հայտնել էր ԱՄՆ պատրաստակամությունը՝ աշխատել ԵԱՀԿ ՄԽ-ում հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- ասել էր Դոնֆրիդը:
Արձագանքելով Դոնֆրիդին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել էր.
«Թույլ տվեք կասկածի տակ դնել Քերըն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը իրականում կարևոր համարեին, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը: Մինչդեռ նրանք առանց որևէ խորհրդակցության ցուցադրաբար խզեցին շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ փետրվարի 24-ին։ Այսպիսով եռյակի աշխատանքին շատ հարցերում հասցվել է անդառնալի վնաս»: Պաշտոնական Մոսկվան պնդել էր, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է խզվել կապը իրենց համանախագահի հետ։ Պատճառների մասին հստակ բացատրություն չեն ստացել, ասել է Զախարովան, շարունակելով, թե «երաշխիքներ չկան, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի»։
168.am-ի հետ զրույցում կովկասագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ կա երկու մակարդակի խնդիր՝ մեկը միջնորդների միջև, մյուսը՝ կողմերի:
Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերականգնման ճանապարհին խոչընդոտներն իսկապես շատ են, սակայն այն վերականգնելու Արևմուտքի քաղաքականությունը ողջունելի է:
«Սակայն Արևմուտքի կողմից այս ձևաչափի առաջմղումը, որպես Խաղաղության համաձայնագրի մշակման հարթակ, Մոսկվային ու Բաքվին մղում է ավելի սերտ համագործակցության, չնայած այս դաշտում ևս կան տարաձայնություններ ու ոչ հրապարակային խնդիրներ, ինչպիսին այն է, որ Ղարաբաղում ռուսական ներկայությունը Բաքվի շահերից չի բխում:
Այսինքն՝ Ադրբեջանի համար ևս կան խնդիրներ թե արևմտյան, թե ռուսական միջնորդության հետ կապված, միջնորդներից ցանկացածի ամրապնդման դեպքում պետք է հաշվի առնել այդ միջնորդի շահերն ու ցանկությունները, մերժելով մյուսինը: Ակնհայտ է նաև, որ ցանկացած նման հակամարտության դեպքում կողմերը փորձում են խաղալ աշխարհաքաղաքական հակասությունների վրա, բայց ինչպես տեսնում ենք, դա բարդ տրվող խաղ է, քանի որ շահերը չհամընկնող են: Երևանի դեպքում ևս բարդ է, քանի որ գործ ունի թե Բաքվի, թե Մոսկվայի, և թե Արևմուտքի հետ, որոնցից յուրաքանչյուրը ԼՂ ապագայի հարցում իր մոտեցումն ունի, սակայն միջնորդների կոնսենսուսի դեպքում ԵԱՀԿ ՄԽ վերականգնումը կկայունացներ բանակցային գործընթացը»,- նման տեսակետ հայտնեց Գոգոլաշվիլին:
Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ թեման անընդհատ հայտնվում է այս հակամարտության օրակարգում, քանի որ տարածաշրջանում կա արտաքին ազդեցություն, կան խաղացողներ, իսկ հակամարտությունը քաղաքական գործոն է և չի կարող բոլոր միջնորդներից, գործընթացներից անջատ բանակցվել:
«Սակայն Մինսկի խմբի չվերականգնման հարցը նաև կապ ունի Մոսկվայի ու Վաշինգտոնի՝ տարածաշրջանի հետ կապված իրարից տարբեր տեսլականների հետ: Մոսկվան ցանկանում է Արևմուտքից լիովին անջատ և ինքնիշխան միջնորդություն։ Դա՛ է պատճառը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մերժվում է, իսկ Արևմուտքը շարունակաբար, նաև Երևանի միջոցով, այս հարցը բարձրացնելու է, որը, կրկնեմ, կարող է ռուս-ադրբեջանական գործընկերությունը խորացնել, որն իր հերթին իր վտանգներն ունի»,- ասաց նա: