Քանի դեռ Փաշինյանն ու իր թուրքական խունտան բռնազավթած են պահում իշխանությունը, անիմաստ է հույս ունենալ արդարադատության մասին. զոհված զինծառայողի մայր

«Երբեմն պահ է գալիս, որ մտածում ես՝ բառերն էլ չարժեզրկվեն, քանի որ նույն բանը շատ անգամներ կրկնում ես և տեսնում ես, որ բացարձակ որևէ ռեակցիա չկա ժողովրդիդ, մտավորականության կողմից: Շատ կուզեմ, որ մեզ հետևող 200.000 մարդը ոչ միայն իրենց բազմոցներին նստեն, այլ նաև դուրս գան և մասնակցեն իրենց երկրի խնդիրների լուծմանը, հակառակ դեպքում՝ ոչ մի հարց չի լուծվի»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը:

Խոսելով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Վարդազարյան- Ջհանգիրյան ձայնագրության մասին, Նաիրա Մելիքյանը նշեց, որ ուժ չունի հետևելու այդ մակարդակի հանցագործների ձայնագրություններին և սարսափելի է համարում, որ այսքանից հետո Ջհանգիրյանը հրաժարական չտվեց:

«Փաշինյանի ասուլիսներն էլ չեմ կարողանում լսել, ֆիզիկապես ի վիճակի չեմ, էդ մարդու դեմքը տեսնելիս նոպաներ եմ ունենում, չեմ կարող ինձ ավելի պատժել ու լսել, թե նա ինչ է դուրս տալիս: Նա նոր ասելիք չունի, նորից պիտի փորձի իրեն արդարացնել և շարունակել հանձնել մեր հայրենիքի մասերը: Ուրիշ բան էդ մարդուց չեմ կարող ակնկալել»,- նշեց զինվորի մայրը:

Անդրադառնալով դատական գործընթացներին՝ Նաիրա Մելիքյանը նշեց, որ արդեն մի քանի նիստի չի մասնակցում, քանի որ կարծում է, որ դա արժանապատվության հարց է:

Նրա խոսքով, իր ուժերից վեր է ամեն անգամ տեսնել ու զգալ այդ դատական քաշքշուկները, ստորացումները, իրենց ցավի հետ ամեն անգամ զավակների հիշատակի անարգանքը:

«Գուցե կան մարդիկ, որ դեռ հավատում են արդարադատությանը, բայց քանի դեռ Փաշինյանն ու իր թուրքական խունտան բռնազավթած են պահում մեր իշխանությունը, անիմաստ է հույս ունենալ արդարադատության մասին: Մենք մտել ենք փակ շղթայի մեջ, որտեղ մեր հոգեվիճակով վազում ենք, գնում ենք մի տեղ՝ դատախազն է վիրավորում, դատավորն է վիրավորում, քննչականից պաս են տալիս, ԱԱԾ-ից պաս են տալիս, ու տպավորություն է, որ մեր մնացած խեղճ ու կրակ, ողորմելի կյանքը պիտի անցկացնենք դատարանների պատերի տակ: Ես դրան պատրաստ չեմ: Ավելի լավ է ուժերս ուղղեմ այնտեղ, որտեղ արդյունք կունենամ: Բոլոր կառույցներից՝ ԱԱԾ, ՀՔԾ, մնացել է միայն Ծ-ն, որը ես վերծանում եմ որպես ծառա` թուրքի ծառա, Նիկոլի ծառա, ում ծառա ասես, բացի հայրենիքին ծառայելու երդում տված մարմին, որը պիտի ապահովեր իմ երկրի ու ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Նաիրա Մելիքյանը:
Զինվորի մայրը կոչով դիմեց Մայր Աթոռին և Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հնչեցնել զանգերը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս