Աննա Հակոբյանը այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց

Աննա Հակոբյանը հունիսի 29-ին այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց։Հիվանդանոցի զարգացման և հաղորդակցության տնօրեն տիկին Ռաֆայելե Գալանտը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, ընդգծել է, որ մեծ պատիվ է իրենց կառույցում ընդունել ՀՀ վարչապետի տիկնոջը։

Հիվանդանոցի ղեկավարները ներկայացրել են կառույցի ստեղծման պատմությունը, այն արդյունքներն ու ձեռքբերումները, որոնց հասել է հիվանդանոցը, նշելով, որ մանկական հիվանդանոցը, վերապատրաստման ինստիտուտը, աուտիզմի ռեսուրսների կենտրոնը և մանկապարտեզը գործում են Լենվալ հիմնադրամի ներքո: Գալանտի խոսքով ՝ հիվանդանոցը կարողացել է արդիականացվել և շարժվել մանկաբուժության զարգացող ստանդարտներով երեխաներին ավելի լավ ախտորոշելու և բուժելու համար:

Աննա Հակոբյանին պատմել են նաև Լենվալ հիվանդանոցի կողմից տարեկան իրականացվող ահռելի ծավալի աշխատանքի մասին։ Մասնավորապես, ամեն տարի կատարվում են ավելի քան 100000 բժշկական և մասնագիտացված խորհրդատվություն, ավելի քան 60000 շտապ օգնության այցելություններ, մոտ 5700 վիրաբուժական միջամտություններ, ավելի քան 50000 մանկական հոգեբուժական բուժում, 58 հաշմանդամություն ունեցող բնակիչ և մոտ 60 երեխաների խնամակալություն։

Հանդիպում-քննարկման ընթացքում, որին մասնակցել են Լենվալ հիմնադրամի գլխավոր տնօրեն Ռոնան Դյուբուան, հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մարին Կորբուչչինը, բուժանձնակազմի ներկայացուցիչներ, Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առաջարկել քննարկել համագործակցության հեռանկարներին մասին, ինչը սիրով ընդունվել է բուժանձնակազմի կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց հիվանդանոցում ընդունել հայաստանցի գործընկեր բժիշկներին։

Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում հանդիպել և զրուցել է բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել Հայաստանի երեխաների խնամքի կենտրոնի սաների կողմից պատրաստված հուշանվերներ, նաեւ խաղալիքներ, հայերեն խոսող տիկնիկներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել երեխաների մոտ։

Տեսանյութեր

Լրահոս