Ո՞վ կլինի ԲԴԽ նախագահ՝ Բեքմեզյա՞նը, թե՞ Խաչատուրյանը

Երեկ տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) փաստացի նախագահ Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի: Ավելի ուշ պարզվեց, որ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում և ենթարկվել է ճողվածքի վիրահատության:

168.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Ջհանգիրյանի վիրահատությունը հրատապ չէր, սովորական պլանային վիրահատություն է. ճողվածքի խնդիր նա ունեցել է երկար տարիներ, և վիրահատվելու՝ նրա որոշումը հավանաբար տեղավորվում է «Անցիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» տրամաբանության մեջ:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Գագիկ Ջհանգիրյանը բաժնեմաս ունի «Արմենիա» ԲԿ-ում, և հավանաբար դրանով է պայմանավորված նրա ընտրությունը:

Ինչևէ, մինչ Գագիկ Ջհանգիրյանը իր առողջական խնդիրներն է լուծում, մասնագիտական շրջանակները փորձում են հասկանալ՝ ով կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին:

168.am-ի տեղեկություններով՝ երբ Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում խոսում էր այն մասին, որ, եթե Ռուբեն Վարդազարյանը հրապարակի ամբողջական ձայնագրությունը, նա լուրջ խնդիրներ կունենա, իրականում փորձում էր վտանգն իրենից հեռացնել:

Այդ ձայնագրության մեջ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ջհանգիրյանը նաև ոչ հաճելի արտահայտություններ է անում Նիկոլ Փաշինյանի հասցեին, խոսում ալկոհոլի նկատմամբ նրա՝ անտարբեր չլինելու և անհավասարակշիռ վարքագծի մասին:

Այն, որ Գագիկ Ջհանգիրյանը կհեռանա, թերևս, արդեն որոշված է, և դրա մասին էր խոսում նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը թեմայի վերաբերյալ: Լրագրողի հարցին՝ չե՞ք կարծում, որ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ կարծում եմ:

Ինչևէ, հիմա խնդիրը Գագիկ Ջհանգիրյանի իրավահաջորդն է: Մամուլն արդեն գրում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կներկայացնի սորոսականների ճնշման ներքո, և առաջ են քաշում Ջհանգիրյանին ԲԴԽ սորոսական անդամ Դավիթ Խաչատուրյանով (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է) փոխարինելու վարկածը:

Սա այնքան էլ կենսունակ վարկած չէ, քանի որ որքան էլ քաղհասարակություն կոչվածը ջանքեր գործադրի, Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի չի գնա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի դիրքերն ուժեղացնելու ճանապարհով:

Ինչ-որ պահի Դավիթ Խաչատուրյան-Սասուն Խաչատրյան եղբայրների ԲԴԽ-Հակակոռուպցիոն կոմիտե տանդեմը կարող է խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար, ու նա դա լավ է հասկանում:

Այս պահին, մեր տեղեկություններով, հավանական է համարվում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը ԲԴԽ նախագահի պաշտոնի համար, որովհետև նախ նա միակն է, ում վերաբերյալ կա կոնսենսուս ԲԴԽ-ի դատավոր անդամների մոտ, և բացի դրանից, ըստ էության վարկաբեկված չէ և սկանդալների կիզակետում չի հայտնվում:

Տեսանյութեր

Լրահոս