
Կչեղարկի՞ արդյոք Գագիկ Ջհանգիրյանի՝ հիվանդանոցում հայտնվելը նրա հրաժարականը

ԱԺ արտահերթ նիստում այս պահին քննարկում են Վճռաբեկ դատարանի նորաստեղծ պալատների դատական կազմերի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ Թեկնածուներին, սակայն, ներկայացնում է ոչ թե Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, այլ ԲԴԽ անդամներից Դավիթ Խաչատուրյանը։
Խաչատուրյանը պարզաբանեց, որ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ, և այս պահին նրան վիրահատության են ենթարկում, կամ, գուցե արդեն վիրահատել են։
168.am-ի հարցին ի պատասխան՝ ԲԴԽ-ից տեղեկացրեցին, որ Գագիկ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում է, հետազոտման և բուժման փուլում, որի շրջանակներում բժիշկները կորոշեն, թե ըստ անհրաժեշտության՝ երբ կվիրահատեն: Այլ մանրամասներ չփոխանցեցին:
168.am-ի տեղեկություններով, սակայն, Գագիկ Ջհանգիրյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում պիտի գրեր: Միգուցե նրա առողջության վատացումը դրանո՞վ է պայմանավորված:
Ըստ ամենայնի, Գագիկ Ջհանգիրյանի՝ հիվանդանոցում հայտնվելը կհետաձգի նրա հրաժարականը, բայց կչեղարկի՞ արդյոք, թե՞ ոչ, ցույց կտան ժամանակն ու Խաչատուր Սուքիասյանի բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ:
Առողջություն ենք մաղթում Գագիկ Ջհանգիրյանին: