Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով․

«Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Բնականաբար, անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին:

Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա»:

Տեսանյութեր

Լրահոս