Կրեմլն Ուկրաինայում պետք է պարտության մատնվի. կտրամադրենք գումար, զենք և քաղաքական աջակցություն. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Բավարիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին, հայտարարել է, որ Կրեմլն Ուկրաինայում պետք է պարտության մատնվի:

«Կրեմլն Ուկրաինայում պետք է պարտության մատնվի: Ուկրաինացի ժողովրդի հետ G7-ի համերաշխությունն անսասան է: Գումար, զենք և քաղաքական աջակցություն: Ամեն ինչ մոբիլիզացվում է Զելենսկու և Ուկրաինայի համար»,- գրել է Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ համաշխարհային առաջնորդներն անցած գիշեր Բավարիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում համաձայնության են եկել ավելացնելու աջակցությունը պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պարտության մատնելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Մենք պետք է միասնական մնանք, քանի որ Պուտինը ի սկզբանե հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն և G7-ն ինչ-որ կերպ կքանդվեն: Բայց մենք չենք քանդվել ու չենք պատրաստվում»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է գիտակցեն, որ Ուկրաինային աջակցելու գինը բարձր է, ներառյալ էներգետիկ ծախսերի աճը և պարենային ճգնաժամը։ Սակայն նա ընդգծել է, որ եթե «Ռուսաստանին թույլ տան հաղթել, ապա դրա գինը շատ ավելի բարձր կլինի»։

«Մենք պետք է անկեղծ լինենք տեղի ունեցողի հետևանքների, այն ճնշման հարցում, որին բախվում են առանձին ընկերներ և գործընկերներ: Բայց նահանջի գինը, այն գինը, որ Պուտինը հաջողությամբ կկտրի Ուկրաինայի մեծ մասերը և կշարունակի իր նվաճման ծրագիրը, այդ գինը շատ, շատ ավելի բարձր կլինի: Այստեղ բոլորը հասկանում են դա»,- ասել է Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովի բացմանը:

Տեսանյութեր

Լրահոս