Ինչո՞ւ է լռում էկոնոմիկայի նախարարությունը
Հայրենի գյուղատնտեսությանը պատուհասել է հերթական ճգնաժամը. գյուղմթերքի արտահանման ամենաակտիվ շրջանում Լարսը կրկին հիշեցրեց իր մասին:
Երեկ երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով հայտնում էր. «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»:
Այսօր թեմային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը:
Սակայն մինչ այս պահը որևէ հաղորդագրություն չի եղել էկոնոմիկայի նախարարությունից:
Լավատեսությամբ աչքի ընկնող Վահան Քերոբյանը որևէ հուսադրող բան չի ասում շուրջ երկու օր Վերին Լարսում կիլոմետրեր ձգվող հերթում սպասող մեր հայրենակիցներին։
Եվ քանի որ բեռնափոխադրողների, գյուղատնտեսների, տնտեսագետների մտահոգությունը մեկն է՝ շտապ գտնել այլընտրանք, 168.am-ը Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ:
Նախարարությունից նշեցին, սակայն, որ թեև խնդրից տեղյակ են, բայց այս պահին որևէ պաշտոնական պարզաբանում չունեն:
Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ մայիսին կառավարության նիստում լաստանավային հաղորդակցության մասին հարցը ներկայացնելիս տեղեկացրել էր, որ պայմանագիր են կնքել լաստանավային հաղորդակցություն իրականացնող ընկերության հետ, որը պայմանագիր ունի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ: Նախարարը վստահեցրել էր, որ հունիսի 15-ից Փոթի և Կովկաս նավահանգիստների միջև գործարկվելու է շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ կանոնավոր լաստանավային հաղորդակցություն:
Արդեն հունիսն ավարտվում է, իսկ Վահան Քերոբյանը դեռևս պարզաբանում է, որ հայկական կողմը ցայսօր սպասում է այս երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվության:
«Մեզ մնացել է ստանալ միայն Փոթի նավահանգստի օպերատոր APM հոլանդական ընկերության թույլտվությունները։ Գիտեք, որ եվրոպական շատ ընկերություններ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս սանկցիաներ ունի կիրառած ՌԴ դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն կիրառելու։ Ամեն ինչ պատրաստ է, բացի վերջին թույլտվությունից»,- կառավարության վերջին նիստից հետո մանրամասնել էր նախարարը: