18 մլն ռուբլու սև խավիար են առգրավել որսագողերից Խաբարովսկում
Քրեական գործ է հարուցվել Խաբարովսկի բնակիչների նկատմամբ, որոնք անօրինականորեն հայթայթել են 80 կիլոգրամից ավելի սեւ խավիար: Այդ մասին հաղորդել է Խաբարովսկի երկրամասի քննչական կոմիտեի հետաքննչական վարչության եւ Հրեական Ինքնավար Մարզի (ՀԻՄ) մամուլի ծառայությունը:
«Հարուցվել է քրեական գործ այն հանցանշաններով, որը նախատեսված է ՌԴ Քրեական օրենսգրքի 258,1 հոդվածի 3-րդ մասով (հատկապես արժեքավոր ջրային կենսաբանական պաշարների իրացման նպատակով անօրինական արդյունահանում, պահպանում եւ տեղափոխում)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի մայիս-հունիսին Խաբարովսկի երկու բնակիչ Խաբարովսկի երկրամասի Նիկոլաեւսկի շրջանում որսացել են ամուրյան թառափ, հանել դրանց խավիարը եւ փորձել վաճառել:
Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հունիսի 4-ին պահեստաշենքում, ինչպես նաեւ մեղադրյալներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել եւ առգրավվել է 500 միլիլիտր ծավալով 160 զետեղակ եւ 200 միլիլիտր ծավալով 6 զետեղակ ամուրյան թառափի խավիար: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Խաբարովսկի երկրամասի եւ ՀԻՄ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նաեւ հավելում է, որ որսագողերի կողմից հասցված վնասը գնահատում է 18 մլն ռուբլի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: