«Ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է»․ Հայկ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում

«Մեծարգո նախագահող, տիկնայք և պարոնայք,

Բոլորս գիտենք, որ եղել է քարի դար, ոսկե դարաշրջան և այլն։ Այժմ կարծում եմ մենք ապրում ենք եվրոպական արժեքների ռետինե դարում։ Այդ արժեքները ճկվում են, ծռվում քաղաքական գործիչների քմահաճույքով։ Եվ դա է վկայում երեկ տեղի ունեցած քննարկումը, որը վերաբերում էր ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքին։

Մի քանի փաստ ևս։

Եվրախորհրդարանը ընդունել է 4 փաստաթուղթ, որոնցում կարևորվում է գերիների անհապաղ վերադարձի պահանջը, սոցիալական բնույթի ահաբեկչության անթույլատրելիությունը, ինչպես օրինակ սաստիկ ձմռան պայմաններում Արցախի ժողովրդին թողնելն էր առանց գազամատակարարման և որտեղ հստակ մատնաշվում էր 44-օրյա պատերազմի իրական ագրեսորը, սակայն դա որևէ հետևանք չունեցավ ԵԽ անդամ երկրի համար:

Տիկին, դուք անվանեցիք իմ հայրենիքի մի մասը Ադրբեջանի պատմական տարածք։ Ձեր գործընկերներից մեկը Մելի Մեջլիսում արդեն հող է նախապատրաստում «միջանցքի» հետ կապված Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա հրահրելու համար։

և պարոն Հուսեյնով,

Մենք ռեվանշիստներ չենք, մենք հայրենասերներ ենք։

Ավելին, ոչ ոք չի խոսում այն մասին, որ ԵԽ անդամ պետությունը օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և պարզապես հրաժարվում է դուրս գալ։

Առկա են նաև մի քանի այլ փաստեր, որոնք վերաբերում են իմ երկրի ներքաղաքական կյանքին։

Օրինակ, ոստիկանությունը Երևանում ԵՄ դեսպանատան շեմին դաժանաբար ծեծում է հավաքի խաղաղ մասնակիցներին և կիրառում լուսաձայնային նռնակներ։ Եվ «շեմին» բառը ես օգտագործում եմ ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով։

Լրագրողներին և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվում մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով անցկացվող քննարկմանը, որին ներկա էին նաև ԵՄ տեղական պաշտոնյաներ։

Այո՛, դուք ճիշտ լսեցիք. լրագրողներին թույլ չի տրվել մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով միջոցառմանը։

Օրեր առաջ իմ երկրում օրեցօր կառավարության կողմից կուտակվող ատելության խոսքը հասավ ողբերգական նշաձողի. քաղաքական հայացքների պատճառով սպանվեց երեք անձ:

Հրապարակվում է և լայն տարածում է ստանում ձայնագրություն, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի գործող և նախկին նախագահները քննարկում են, թե ինչպես են պատրաստվում «գործեր սարքել» ընդդիմադիր գործիչների վրա:

Այս ամբողջ արհավիրքի պատճառը պոպուլիստներն են և բռնապետերը։ Եվ չսխալվեք, պոպուլիստները շատ արագ են վերածվում բռնապետերի։ Սա քաղաքական համավարակ է։ Եվ մենք պետք է ամբողջ ներուժով պայքարենք դրա դեմ, ճիշտ ինչպես COVID-19 համավարակի դեպքում։

Տիկնայք և պարոնայք, ինձ սովորեցրել են, որ արժեքները պետք է քարի պես ամուր լինեն։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան աչք է փակելու ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար իրականում ապրելու իրավունք է:

Եվրոպան նախկինում եղել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքների դրոշակակիրը։ Նույնիսկ եթե այժմ դուք որոշել եք հրաժարվել այդ դրոշից, մենք հպարտությամբ կծածանենք այն, քանի որ դա այն խաչն է, որը մենք պիտի կրենք:

Շնորհակալություն։»

Հ․Գ․ Խնդիր կար արագ փոփոխելու ելույթս, որպեսզի արձագանքեի ադրբեջանական պատվիրակության զառանցանքներին՝ ուստի քաղաքական բանտարկյալների, այս շաբաթվա սպանությունների և մի շարք այլ հակաժողովրդավարական փաստերի մասին շատ կարճ խոսեցի:

Այլ կերպ չէի կարող վարվել»:

Հայկ Մամիջանյան

Տեսանյութեր

Լրահոս