Ադրբեջանն ակնկալում է ՌԴ գործուն ջանքերը Կովկասում կայուն խաղաղության կայացման գործում. Ալիևը՝ Լավրովին
Բաքվում հունիսի 23-ի երեկոյան կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Azertac» լրատվական գործակալությունը:
Զրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք՝ 2020 թվականի նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11 և նոյեմբերի 26-ի փաստաթղթերի իրագործմանը։
«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց ունի։ Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն։ Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը։ Ռուսաստանը կաջակցի այդ աշխատանքին մինչև արդյունքի հասնելը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»,-ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել Ադրբեջանում և Հայաստանում ստեղծված սահմանների սահմանազատման և սահմանագծման երկու հանձնաժողովների աշխատանքների մասով։ «Այս հարցում կան կոնկրետ առաջարկներ, ես ուրախ կլինեմ դրանք քննարկել ձեզ հետ», – հավելել է նա: