Թափանցի՞կ, թե՞ գաղտնի մրցույթ. «Մրցույթի ժամանակ լրատվամիջոցներին ներս մտնել չի թույլատրվում». Հովհաննես Ուրֆալյան

Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար մրցույթը կանցկացվի գաղտնիության պայմաններում:

Հունիսի 24-ին անցկացվելու է Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնի համար  հայտարարված մրցույթը։

Ինչպես տեղեկանում ենք համայնքապետարանի կայքէջից՝ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը հայտարարվել է 1 ամիս առաջ՝ մայիսի 24-ին։

168.am-ի՝ Արարատի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մրցույթում հաղթող ճանաչվի իր համար ցանկալի թեկնածուն։

«ՔՊ-ն իր թեկնածուին ասել է՝ հարցերն անգիր արա, խախտումներին տեր ենք», դեռ երեկ գրել էր 168.am։ Եվ ինչպես մեր աղբյուրներն էին փոխանցել, «ՔՊ-ական համայնքապետին լուրեր էին հասել, որ վաղվա մրցույթը խոշորացույցի տակ են վերցնելու թե ընդդիմադիրները, թե լրատվամիջոցները», ուստի դրան էլ են կարծես պատրաստվել դիմադրելու:

Այդուամենայնիվ, ահազանգը ստանալուց  հետո 168.am-ը փորձեց հավատարմագրվել, որպեսզի  ներկա գտնվի վաղվա մրցույթին և հետևի ողջ ընթացքին, սակայն Արարատի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության պետ Հովհաննես Ուրֆալյանը մեզ փոխանցեց, որ լրատվամիջոցներն իրավունք չունեն ներկա գտնվել մրցույթի անցկացմանը․

«Մրցույթի ժամանակ լրատվամիջոցներին ներս մտնել չի թույլատրվում։ Լուսաբանում եք սենյակից դուրս՝ մասնակիցներից կամ հանձնաժողովի անդամներից հարցազրույց վերցնելով, կամ ինչպես է ընթանում մրցույթը, ընթանո՞ւմ է, թե՞ չի ընթանում․․․»։

Դիտարկմանը, որ մրցույթի վերաբերյալ կա ահազանգ, թե հարցաշարը, որը հատուկ համակարգի միջոցով պետք է գեներացվի և մրցույթի մեկնարկին տպվի, որ փորձելու են  նախապես գեներացված թեստ տպել, որն արդեն անգիր է արել ՔՊ-ի համար ցանկալի թեկնածուն, Հովհաննես Ուրֆալյանը վստահեցրեց, որ հարցաշարը տպվելու է թեկնածուների աչքի առաջ․

«Այդ մտավախությունը տվյալ մասնակիցը կարող է տեսնել՝ կա՞, թե՞ չկա, եթե ինքն արձանագրի կամ նկատի նման բան, կարող է հենց այդ պահին բողոք ներկայացնել հանձնաժողովի անդամներին, որովհետև կոնկրետ այդ սենյակում է տպվելու հարցաշարը ու իրենց ներկայությամբ։ Նախապես համակարգչում մուտք արած որոշակի քանակությամբ հարցերից ձևավորվելու է 40 հարցից բաղկացած հարցաշար ու դա պատահականության սկզբունքով՝ իրենց աչքի առաջ»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում, սակայն, այլ կերպ մեկնաբանեց մրցույթը լուսաբանելու կարգը․

«Կարգի համաձայն՝ դուք կարող եք այդտեղ ներկա լինել դիտորդի կարգավիճակով, բայց լուսաբանե՞լ, թե՞ ոչ մրցութային կարգը՝ որոշում է հանձնաժողովը։ Եթե հանձնաժողովը տեղում որոշեց, որ թույլ է տալիս լրատվամիջոցներին լուսաբանել, կարող եք լուսաբանել, եթե ոչ՝ դրսում սպասեք, հանձնաժողովի անդամների կամ մասնակիցների հետ հարցազրույցներ անեք․․․

Այսինքն՝ ներս կարող եք մտնել դիտորդի կարգավիճակով, բայց լուսաբանելու գործընթացը որոշում է միայն հանձնաժողովը»։

Նկատենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2006 թվականի որոշման համաձայն՝ «հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա լինելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:

Թեև նախարարությունից մեզ ասացին, որ կարող ենք առավոտյան ներկայանալ  հանձնաժողովի անդամներին՝ լրատվամիջոցը հավաստող փաստաթղթով՝ բեյջով, այուամենայնիվ 168.am-ը մրցույթը լուսաբանելու համար դիմում  ուղարկել է Արարատի համայնքապետարանի էլեկտրոնային փոստին։

Տեսանյութեր

Լրահոս