Կատարում՝ Ֆուտբոլի ԱԱ-ի ընթացքում, արտամուսնական սեքսով զբաղվողները կդատապարտվեն 7 տարվա ազատազրկման
ՖԻՖԱ-ն նախազգուշացրել է, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, երկրպագուների և սպասարկող անձնակազմի համար չամուսնացածների միջև սեքսը պաշտոնապես արգելված կլինի, ըստ tert.am-ի՝ հաղորդում է Daily Star-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ արգելքը խախտողներին սպառնում է յոթ տարվա ազատազրկում: ՖԻՖԱ-ի պաշտոնյանները նախազգուշացրել են, որ որևէ բացառություն չի արվելու:
«Սեքսն արգելված է, եթե կին ու ամուսին չեն: Առաջնության ընթացքում միանշանակ մեկ գիշերվա թռուցիկ կապեր չեն լինելու: Նման արգելք առաջին անգամ է կիրառվելու: Երկրպագուները պետք է պատրաստված լինեն»,- նշել է քաջատեղյակ աղբյուրը:
Daily Star-ը գրում է, որ արտամուսնական, ինչպես նաև նույնասեռական սեքսը Կատարում արգելված են: Ուստի բնական է, որ արգելքը տարածվում է նաև ԱԱ-ի շրջանակում:
«Խաղերից հետո խմիչքի և խնջույքի մշակույթը, որը շատ վայրերում ընդունված է, Կատարում խստիվ արգելված է։ Տպավորություն կա, որ սա իսկապես շատ վատ մրցաշար կարող է լինել երկրպագուների համար», – հավելել է աղբյուրը:
Մինչդեռ Կատարում կայանալիք ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության գործադիր տնօրեն Նասեր ալ Խաթերն ընդգծել է, որ Կատարը խիստ պահպանողական երկիր է, որտեղ սիրո հրապարակային դրսևորումները, անկախ սեռական կողմնորոշումից, մշակույթի մաս չեն
Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Մանսուր Ալ Անսարին ասել է, որ նույնիսկ դիտարկվում է խաղերում ծիածանի գույներով դրոշներն արգելելու հնարավորությունը:
«Եթե դուք ցանկանում եք ցույց տալ ձեր տեսակետը ԼԳԲՏՔ+-ի մասին, ապա այն ցույց տվեք մի հասարակությունում, որտեղ այն կընդունվի», – ասել է նա: