ԿԳՄՍ-ն հայտարարում է «Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք»-ի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:
Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության ոլորտին և պետական քաղաքականությանը:
Փորձագիտական գնահատման խմբի կազմում չեն կարող ընդգրկվել փորձագետներ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքներից /համայնքներից (Մեծամոր, Ծաղկաձոր):
Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝ երիտասարդական ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա փորձառություն կամ երիտասարդական ոլորտում փորձագիտական գործունեության առնվազն 2 տարվա փորձառություն, դաշտային հետազոտություններ իրականացնելու հմտություններ, թիմային աշխատանքի և հաղորդակցման գերազանց հմտություններ, միջազգային երիտասարդական ծրագրերում ընդգրկվածությունը կդիտարկվի առավելություն:
Հայտերն ընդունվում են մինչև ընթացիկ տարվա հունիսի 25-ը: