Հադրութցի Վիկա Ավետիսյանը Երևանում ներկայացրեց «… և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների ժողովածուն
Հադրութցի տասնմեկամյա Վիկա Ավետիսյանը հեքիաթներ է գրում ութ տարեկանից: Նրա ստեղծագործությունները պատմում են ծննդավայրի հանդեպ սիրո, կարոտի, բարության ու այլ կարևոր արժեքների մասին:
Վիկան, որը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, շատ է ցանկացել հրատարակել իր ստեղծագործությունները, տարածել գրքերն ու հասույթով նոթբուք գնել: Բարեգործների աջակցությամբ նրան հաջողվել է լույս ընծայել « … և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների ժողովածուն, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վիկային աջակցել է նոթբուք ստանալու հարցում:
Հունիսի 20-ին Վիկա Ավետիսյանն ու նրա մայրը հյուրընկալվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, հանդիպեցին նախարար Վահրամ Դումանյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
Նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ Վիկա Ավետիսյանը նամակով դիմել է նախարարություն, և իրենք աջակցել են նրան ու նվիրում են նոթբուք, որը Վիկային կօգնի իրականացնել իր նոր գաղափարները, նոր հեքիաթներ գրել: «Դուք եք մեր երկրի ապագան: Մեր երկրի խնդիրները լուծողները ևս դուք եք: Շնորհավորում եմ ինքնատիպ գաղափարի համար: Կարծում եմ՝ հետագայում առավել հետաքրքիր հեքիաթներ կծնվեն՝ մեկը մյուսից ավելի հզոր ու տպավորիչ»,- նշեց Դումանյանը:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց՝ երբ կարդացել են Վիկայի նամակը, որոշել են իրականացնել նրա ցանկությունները: «Շնորհակալ ենք «Յունիկոմպ» ընկերությանը, որը միացավ մեզ: Եթե կան գաղափարներ ու նպատակներ, մենք էլ մեր հերթին փորձում ենք նպաստել դրանց իրագործմանը: Ես հույս ունեմ, որ սա կուղղորդի քեզ առաջ գնալ, տեսնել, որ այն, ինչ ցանկանում ես անել, հնարավոր է, որ բոլոր նպատակներդ կարող ես իրականացել: Հույս ունեմ, որ սա քեզ կօգնի չվախենալ նոր, համարձակ նպատակներ սահմանել, լինել համառ և իրականացնել դրանք»,- ասաց փոխնախարարը՝ դիմելով Վիկային:
Նա վստահեցրեց, որ Վիկայի օրինակը կարող է ոգևորել այլ ստեղծագործող երեխաներին ավելի շատ աշխատել ու արարել:
Վիկա Ավետիսյանը խոստովանեց՝ երբ տեղափոխվել են Երևան, հույս չի ունեցել, որ կկարողանա տպագրել հեքիաթները, բայց նրան օգնել է ամերիկաբնակ Արմինե Բաբայանը: Երեք տարում է գրել հեքիաթները: Եվս 14 հեքիաթ ունի, որոնք դեռ չեն հրապարակվել:
Վիկան այժմ սովորում է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, ունի երկու քույր, որոնցից մեկը դեռ դպրոցում է, իսկ մյուսն արդեն համալսարանում է սովորում:
«… և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների ժողովածուի առաջին ստեղծագործությունը Վիկա Ավետիսյանը նվիրել է իր սիրելի Հադրութին: «Ես քո մասին գրում եմ ամեն օր ու գրելու եմ այնքան, մինչև մի օր կրկին քո գիրկը գամ ու շունչդ զգամ: Ես չեմ դադարելու քո մասին երազել մինչև իմ ուժն ու աղոթքները չհասնեն Աստված պապիկին…
Ես հավատում եմ, որ այս ամենը մի օր կավարտվի, և մենք կրկին կգտնենք իրար՝ ես ու դու, իմ Հադրութ, իմ չքնաղ, իմ միակ, իմ կարոտ… »,- գրում է Վիկան: