«Բոլոր շինարարներն ուղղակի անխնա լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ Կիևյան-Օրբելի խաչմերուկում ավազը բերել լցրել են, իսկ վրան ծածկ չկա:

«Ճանապարհային նշանները գետնին տապալված են, քամին էլ տալիս, այդ ավազը այս կողմ, այն կողմ է տանում: Ու չգիտեմ՝ երբվանից է  այդպես, ես երեկ երեկոյան եմ տեսել: Ենթադրում եմ՝ ուրբաթ բերել-թողել են, շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային է, երկուշաբթի ասել են՝ լավ, գործ կանենք»,- ասաց քաղաքապետը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրեց, որ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագիր՝  «Վեոլիա Ջուր»-ի, ՀԷՑ-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի և կապի հետ, որոնք վերաբերում են վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և ոչ հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքների երկու կողմերի պարտավորություններին:

Նրա խոսքով՝ այդ պայմանագրերում գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի բոլոր պահանջները, այդ թվում՝  շինհրապարակի կահավորումը: Պայմանագիրը մեկ տարվա ուժ ունի, կնքվել է մարտ ամսին: «Պարոն քաղաքապե՛տ, ես ուղղակի խնդրում եմ Ձեր հանձնարարականը. վարչական շրջանների ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պարտականությունները՝ այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ: Պայմանագրի պայմանների ողջ վերահսկողությունը դրված է վարչական շրջանի ղեկավարի վրա: Պայմանագրի չկատարման վարչական պատասխանատվությունը կրում է կատարողը, «Վեոլիա Ջուր»-ը, կառուցապատողը, ՀԷՑ-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն, և վարչական տուգանք նշանակելու իրավունքը տրված է վարչական շրջանի ղեկավարին»,- մանրամասնեց Կամո Արեյանը՝ խնդրելով, որ բոլորը վերանայեն իրենց մոտեցումները, հստակ կատարեն պարտականությունները:

«Պետք է խիստ վերահսկողություն լինի մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Խնդրում եմ, որ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունը ևս ամբողջությամբ վերանայի իր մոտեցումն այս աշխատանքների նկատմամբ: Բոլոր շինարարներն ուղղակի անխնա լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը, և առաջին օղակը, որ պետք է անի այս հսկողությունը՝ վարչական շրջանի ղեկավարն է»,- նկատեց  քաղաքապետի խորհրդականը:

Տեսանյութեր

Լրահոս