Սարյան փողոցը կեղտի մեջ կորած է, ամոթ է. իրենց հաճախորդներն են այդտեղ նստում. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել Սարյան փողոցի ոչ մաքուր վիճակի առնչությամբ:
«Ինձ համար պարզապես անհասկանալի է.Սարյան փողոցում քայլում ես, սրճարաններն են, մարդիկ ու հենց իրենց մոտ՝ մայթին, կեղտի մեջ կորած է: Չհաշված կանաչապատ տարածքը: Ծխում ու գցում են կանաչ տարածքի մեջ: Մենք ունենք համապատասխան ավագանու որոշում, որ իրենց դիմացը պետք է բարեկարգեն ու ոչ մի տնտեսվարող նորմալ չի խնամում՝ բացի մի 2-ից: Ինչ-որ բաներ կան չորացած, այդպես մնացել են: Ծանուցում ուղարկենք՝ հասկանանք՝ ի՞նչ են անում: Կեղտի մեջ կորում է, ամոթ է պարզապես: Իրենց հաճախորդներն են այդտեղ նստում, ու մայթը կեղտի մեջ կորած է, կանաչ տարածքներն էլ հետը: Երևի գնանք Սարյան փողոցում էլ մի հատ շաբաթօրյակ անենք»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:
Ապա հանձնարարեց Կոմունալ վարչությանը՝ որտեղ նկատեն, որ ճանապարհային նշանները ծառերի ճյուղերը փակել են՝ տեղերն արձանագրեն: