Հաջիևը խոստովանեց՝ հայ-թուրքական գործընթացում նախապայմաններ կան․ Երևանից ո՞վ կարձագանքի ադրբեջանցի պաշտոնյային

Օրերս Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կարևոր հայտարարություն է արել՝ նշելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու են սինխրոն կերպով։

Նա նախ հայտարարել է, թե իբրև Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում են իրենց խաղաղասիրական կեցվածքը և պատրաստ են սինխրոն կերպով նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ ու բացել իրենց սահմանները։ Սակայն դրա համար, ըստ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի, Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական և ադրբեջանական հողերի հանդեպ ունեցած տարածքային պահանջներից։

Հաջիևը նաև ասել է, որ Անկարան ու Բաքուն շարունակելու են Կովկասի նոր աշխարհագրության կերտումը։ «Ադրբեջանը կշարունակի իր պայքարը։ Եղբայրական Թուրքիայի հետ մենք ստեղծում ենք «Կովկասի նոր աշխարհագրություն»»,- ասել է Հաջիևը։

Հաջիևը կամա թե ակամա խոստովանել է, որ հայ-թուրքական, այսպես կոչված, նորմալացման գործընթացում կան նախապայմաններ այն դեպքում, երբ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներից հետո տարածվող պաշտոնական գրություններում ընդգծվում է, որ չկան նախապայմաններ։ Այնուամենայնիվ, ինչպես երևում է ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո հայկական կողմում դժգոհություն կա Թուրքիայի քայլերից, որի մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բազմիցս խոսել է։ Սակայն այս հայտարարությունից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որին գոնե ՀՀ ԱԳ նախարարը, ՀՀ հատուկ ներկայացուցիչը և ՀՀ ԱԽ քարտուղարը պետք է արձագանքեն, քանի որ Երևանը փաստացի մտել է հայ-թուրքական գործընթացի մեջ պաշտոնապես առանց նախապայմանների, և հայ հանրությանն է ներկայացվել, որ չկան նախապայմաններ, սակայն կրկին պաշտոնապես պարզ է դառնում, որ նախապայմաններ կան։

Սա, իհարկե, փորձագիտական ու քաղաքական որևէ շրջանակի համար անակնկալ չէր, թերևս, անակնկալ չէր նաև ՀՀ իշխանությունների համար, սակայն այս հայտարարությամբ ստեղծվում է մի իրավիճակ, որ հայ ժողովուրդը կրկին հայտնվում է խաբվածի կարգավիճակում։

Հունիսի 9-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ՝ «ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանության հայտարարություններն այն մասին, թե իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բացել սահմանը»։

Մյուս կողմից, ըստ նրա, թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ, իրենք կապ են տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև։

«Կապ, որը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները փորձում են գտնել կամ ընդգծել յուրաքանչյուր առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է։ Որոշակի տարբերություններ կան նաև տեմպի պահով»,- ասել էր նա։

168am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Հաջիևն առաջին անգամ գրեթե ուղիղ տեքստով ասել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի գործընթացները փոխկապակցված, գրեթե միաձուլված են։ Ըստ նրա, նույնիսկ առանց այս հայտարարության և մինչ հայ-թուրքական գործընթացը, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարությունները պարզորոշ էին դարձնում, որ Թուրքիան Հայաստանի ուղղությամբ չի անելու որևէ քայլ առանց Ադրբեջանի ցանկության և Ադրբեջանի «կանաչ լույսի»։

«Ակնհայտ հասկանում ենք, թե Ադրբեջանը երբ կտա այդ կանաչ լույսը Թուրքիային, որպեսզի Թուրքիան անի գլխավոր քայլը՝ բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը։ Սակայն սրանք դիվանագիտության մեջ չափազանց պարզ բաներ են։ Զարմանալ Հաջիևի հայտարարությունից պետք չէ, քանի որ նա վերջապես այսքան ժամանակ անց ֆիքսել է այն, ինչ արդեն կա։ Իսկ հաղորդագրություններում նշվող «առանց նախապայմանների» արտահայտությունը պարզապես արվում է՝ ինչպես Արևմուտքի համար, այնպես էլ՝ գործընթացի ճիշտ փաթեթավորումն ապահովելու համար միայն։ Իրականում այն բովանդակային որևէ իմաստ չունի։ Հայկական կողմի դժգոհությունն այդ թեմայով ևս անհարկի է, քանի որ դրանում բացարձակ որևէ նորություն չկա ոչ աշխարհի, ոչ էլ Երևանի համար, ուստի այդ մասին բարձրաձայնումը որևէ ազդեցություն ևս չի ունենալու։ Հիմա Երևանն ինչպես է արձագանքելու Հաջիևի այս հայտարարությանը, չէ՞ որ սա պաշտոնական հայտարարություն է այն մասին, որ բոլոր քայլերը միաժամանակ են տեղի ունենալու։ Չի լինելու այնպես, որ հայ-թուրքական սահմանը բացվի, իսկ հայ-ադրբեջանական Խաղաղության պայմանագրի բանակցությունները սկսվեն դրանից ամիսներ հետո կամ չսկսվեն»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, սա իրականությունն է, որը ժամանակի ընթացքում ջրի երես է դուրս գալիս։

«Դատարկ պատրանքներ կային Թուրքիայի և Ադրբեջանի հարցո՞ւմ, ինչի՞ վրա էին դրանք հիմնված։ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ռուսաստանի ուղղությամբ, խորամանկ քաղաքականություն են վարում և վստահելի տանդեմ չեն նաև Արևմուտքի համար, Արևմուտքի հետ նրանց համագործակցությունը ևս իրավիճակային բնույթ է կրում՝ ծառայում նրանց շահերին։ Բայց սա տեսնելու համար ոչ դիվանագետ, ոչ էլ անգամ փորձագետ պետք չէ լինել, և Երևանի քաղաքականությունն ու հաշվարկները հասկանալը, մեղմ ասած, անհնար է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս