Երևանի համար 22 դպրոցը կանվանակոչվի 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվամբ
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, օրակարգում է Երևանի համար 22 դպրոցն անվանափոխելու հարցը։ Ավագանին այն կանվանակոչի 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ։
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2021 թվականի հունվարի 20-ի N17-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 12.05.2022թ. N/10/20745-2022 գրությունը՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. «Երևանի հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ՝ «Երևանի Գևորգ Արշակյանի անվան հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական և կառավարման խորհուրդների կողմից:
Գևորգ Արշակյանը ծնվել է 12.11.1996թ. Երևանում: Դպրոցական տարիներին հայոց պատմություն առարկայից 2 անգամ և ստեղծագործական շարադրություն անվանակարգում 1 անգամ հանրապետական և հասարակական օլիմպիադաներում ստացել է 1-ին կարգի դիպլոմներ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան և միաժամանակ սովորել երկու ֆակուլտետում՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում՝ առկա, իսկ իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա ուսուցմամբ: Երկու ֆակուլտետներում ուսումնառությունն ավարտել է գերազանցությամբ: Զուգահեռ սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր մեկնել ժամկետային ծառայության՝ Արցախ (Մատաղիս): Գևորգը ԵՊՀ-ում ուսանելու տարիներին երկու անգամ եղել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, նաև՝ ԵՊՀ բրոնզե մեդալակիր: Համալսարանի ուսխորհրդի անդամ էր, գիտակրթական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ գիտխորհրդի և գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ:
Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: Պատերազմի լուրը ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում, հիվանդացել է թոքաբորբով, տեղափոխվել Երևան, բուժվելուց հետո նորից վերադարձել Ալաշան:
Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, որի համար Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
«Երևանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դպրոցի տնօրինության կողմից: