Քաղաքական «սլիվ». պատահականությո՞ւն, թե՞ տրամադրությունների ստուգում
Տելեգրամյան ալիքներում տարածվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացմանն ուղղված համատեղ եռակողմ հնարավոր հայտարարության նախագծի ամբողջական տարբերակը, որը, ըստ այդ ալիքների՝ նախատեսված է եղել ընդունել դեռևս 2021 թվականին։
Հետաքրքիրն այն է, որ այս փաստաթղթերը տարածել է նաև ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի անվան հետ կապվող տելեգրամյան ալիքը՝ հետևյալ վերնագրով և կից հրապարակմամբ.
«Հրապարակվել է հայկական կողմի առաջարկների փաստաթուղթը՝ ուղղված Ադրբեջանին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Համացանցում տարածվում է մի փաստաթուղթ, որը, ըստ դրա բովանդակության, ներկայացնում է հայկական կողմի առաջարկները՝ ուղղված Ադրբեջանին դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այն վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը։ Փաստաթուղթը նախագիծ է, որը հայկական կողմն առաջարկում էր ստորագրել եռակողմ ձևաչափով։
Փաստաթղթում նշված է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցելու անհրաժեշտ ավտոճանապարհների իր հատվածները: Հայաստանն առաջարկել է, որ բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները շահագործվեն այն երկրի ինքնիշխանության հիման վրա, որի տարածքում դրանք գտնվում են»։