Արցախում ապրելու և անվտանգության իրավունք, նոր միայն կարգավիճակի հարցի քննարկում. Արայիկ Հարությունյանը համաձա՞յն է

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Փառուխ գյուղի հետ կապված միջադեպին և նշել, որ մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձունք գրավել:

«Ես էլ եմ մասնակցել այդ քննարկումներին: Մենք շատ կոշտ դիրքորոշում ենք հայտնել, և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա: Հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու համար՝ պատճառն ի՞նչ է: Բայց իրենք ներքին քննարկումների ժամանակ ընդունեցին, որ այն, ինչ խաղաղապահները պիտի անեին, չեն արել»,- ասել է նա և շարունակել, թե այնքան լարված է եղել իրավիճակը, որ ԼՂ ժողովրդի կողմից խնդիր էր դրված՝ եթե խաղաղապահները չեն կարող իրենց անվտանգությունն ապահովել, իրենք կվերադառնան Հայաստան:

«Ռուսական կողմի պատասխանը եղել է հետևյալը՝ մենք պարտավոր ենք ապահովել ձեր անվտանգությունը, ամեն ինչ կանենք, որ դուք անվտանգ ապրեք, անգամ կարող եք ներկայացնել ներդրումային ծրագրեր, մենք պատրաստ ենք դրանք ֆինանսավորել: Մեր պայմանավորվածությունների շրջանակում դուք պետք է ապրեք այդտեղ: Դրանից հետո տարածքային կոնֆլիկտներ, արհեստական իրավիճակներ չենք ունեցել, հակառակը՝ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ եվրոպական հարթակում՝ Բրյուսելում: Էնտեղ էլ Ալիևն իրեն ավելորդություններ է թույլ տվել, որից հետո Շառլ Միշելն ուղղել էր նրան, որ այդ հարցը չի քննարկվել: Խոսքը Լեռնային Ղառաբաղ բառը չօգտագործելու մասին է»,- նշել է Խաչատուրյանը:

«Բոլորի համար, այդ թվում՝ ՌԴ-ի, ընկալելի է, որ մենք օրակարգում առաջինը դնում ենք Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների ապրելու և անվտանգության իրավունքի հարցը: Սրանից ելնելով՝ մենք արդեն կարող ենք քննարկել կարգավիճակի հարցը: Մեր գնահատականն այն է, որ սա ամենաճիշտ ճանապարհն է: Եվ երբ որ մենք ամսի 9-ին Լավրովի հետ հանդիպում էինք, հիշում եմ, որ նա սրա մասին առանձնահատուկ խոսեց՝ մենք էլ ենք կիսում ձեր դիրքորոշումը: Իմիջիայլոց, այդ տեսակետին համաձայն է եղել նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, ես կարող եմ իրենց փոխարեն ասել: Մենք իրենց հետ քննարկել ենք, որ գնում ենք այս ճանապարհով»,- շեշտել է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով ընդդիմության պահանջին, այն է՝ բարձրաձայն հայտարարել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, Խաչատուրյանն ասել է, որ իր համար նման հարց գոյություն չունի, և, որ քաղաքականության և դիվանագիտության մեջ, բանակցային գործընթացում նման չոր դիրքորոշումը նշանակում է՝ չգնալ այդ հարցի լուծմանը:

«Եթե ինձ հարցնեն, կասեմ՝ այդ հարցն ինձ համար գոյություն չունի: Ես պատրաստ եմ բանակցել՝ ստանալու առավելագույնը, որ իրականացնեմ խնդիրը՝ մեր հայ ազգաբնակչությունն այդ տարածքում պիտի ապրի»,- շեշտել է նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս