Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները․ ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող հարցերին։

«Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից»,-  մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Միրզոյանը՝ ամփոփելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչիի հետ հանդիպման արդյունքները։

ԱԳ նախարարը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։

« Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։

Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից։

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումը անընդունելի է։ Նույնկերպ անընդունելի է նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը։ Կարծում ենք, որ այս հումանիտար և մարդու իրավունքների վերաբերող հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն ՄԻԵԴ-ի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը, մարդու իրավունքների հանձնակատարի նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,- եզրափակեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս