Բառի բուն իմաստով՝ փողոցային ռազբորկա. զոհվածի ծնողը՝ Քյարամյանի հետ հանդիպման մասին
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մի խումբ այսօր կրկին հավաքվել էին գլխավոր դատախազության մոտ: Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին երկու գրություն փոխանցեցին՝ բողոք ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի դեմ, իրենց բնորոշմամբ՝ հաղորդում հանցագործության մասին, և նաև միջնորդություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը քննի ԱԱԾ-ն, և ոչ թե՝ Քննչական կոմիտեն:
Զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, թե ինչի մասին են գլխավոր դատախազին ներկայացրած գրությունները:
«Խոսքը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման, իր ոչ պատշաճ պահվածքի մասին է: Եթե չխառնվեին ծնողները՝ այդտեղ ծեծկռտուք էր լինելու: Քննչական կոմիտեից գործը վերցնում ենք: Ոչ վաղ անցյալում Արթուր Դավթյանն ասաց, որ ձեր պայքարն արդար է: Առաջիկա 5 օրը պարզ կլինի՝ լոկ բառե՞ր էին, թե՞ դա իմաստ ուներ: Քյարամյանը հանդիպման ժամանակ. մեղմ ասած, իրեն պահեց ոչ պատշաճ: Ծնողների հետ էն խոսակցությունը գնաց, ոնց որ, բառի բուն իմաստով՝ փողոցային ռազբորկա: Հանդիպման թեման Նիկոլ Փաշինյանին հարցաքննելը, կալանավորելն է եղել»,- նշել է Վիգեն Ազատյանը: ՔԿ նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման և ոչ պատշաճ պահվածքի մասին այլ մանրամասներ ծնողները չհայտնեցին լրագրողներին:
Զոհված զինծառայողներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, հայտնել է, որ Արգիշտի Քյարամյանը զոհվածների ծնողների հետ հանդիպմանը շատ վատ է իրեն պահել. «Ես ներկա չեմ եղել, սակայն կնոջս պատմելով` Քյարամյանը շատ վատ է իրեն պահել՝ որպես Քննչական կոմիտեի ղեկավար: Հաթաթա է տվել, որ եթե մեկը ձայնագրի զրույցը, քրգործ է հարուցելու և անձամբ հետևելու է, որ դատվի»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է քրգործը ՔԿ–ից վերցնելու և ԱԱԾ-ում քննելու միջնորդությանը, Գալեյանը նշել է, որ Քննչական կոմիտեին չեն վստահում, իսկ ԱԱԾ-ի հանդեպ վստահությունը չեն կորցրել` երկրի անվտանգությունն է ապահովում։
Ծնողներն ակնկալում են, որ դատախազությունը հինգօրյա ժամկետում կպատասխանի իրենց դիմումներին։