Առանձնատնից բացի Հրաչյա Հակոբյանը 2021–ին նոր ամառանոց է գնել Ձորաղբյուրում․ աներձագի կյանքը 4 տարում էապես բարելավվել է. հայտարարագիր. Antifake.am
Հայտարարու պաշտոնատար անձինք, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ներկայացնում են իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրումներ, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Այս անգամ Antifake.am-ը ուսումնասիրել է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը, որը ներկայացնում ենք ստորև.
Երբ Հրաչյա Հակոբյանը դերասանական կարիերայից «հեղափոխական քայլերով» անցում էր կատարում ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնին՝ 2018 թվականին, նա հայտարարագրել էր 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում և հողամաս, ինչպես նաև 2 ավտոմեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM 3.5 I մակնիշների։ Հատկանշական է, որ Փաշինյանի աներձագը պաշտոնը ստանձնելիս չէր հայտարարագրել ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ էլ եկամուտներ։ Նա նաև ուներ ներդրումներ Array ընկերությունում։
Հակոբյանի 2019թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա օտարել է իրեն պատկանող 2 ավտոմեքենաները և ձեռք բերել՝ HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենա՝ 2 միլիոն 800 հազար դրամով։ Հայոբյանն այս հայտարարագրում արդեն տեղեկություններ է ներկայացրել ստացած եկամուտների վերաբերյալ, որոնք կազմել են շուրջ 8,5 միլիոն դրամ, որից՝ 4,5 միլիոն դրամը՝ աշխատավարձ, իսկ մնացածը՝ մեքենաների վաճառքից ստացված գումար։
Մեկ տարի անց Հակոբյանը 2020թ․ տարեկան հայտարարագրում նշել է, որ միանձնյա սեփականության իրավունքով ձեռք է բերել առանձնատուն Ձորաղբյուրում՝ 12,5 միլիոն դրամով։
Իսկ HYUNDAI SONATA-ն փոխարինել է առավել նոր ու թանկարժեք HONDA CR-V 2.4 մակնիշի ավտոմեքենայով, որը ձեռք է բերել 7,5 միլիոն դրամով։
2020 թվականին Հակոբյանի բանկային դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 3,2 միլիոն դրամ, 2 հազար եվրո և 4000 դոլար, իսկ տարեվերջին՝ 2,9 միլիոն դրամ, 2 հազար եվրո և 4000 դոլար։ Տարեսկզբին Հակոբյանն ունեցել է 700 հազար դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 890 հազար ՀՀ դրամ։ Հակոբյանի եկամուտները 2020թ․–ի ընթացքում կազմել են 7,9 միլիոն դրամ աշխատավարձից ու 20 հազար ԱՄՆ դոլար և 4 միլիոն դրամ՝ ստացված փոխառությունից։
2021թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Հակոբյանն այս անգամ Ձորաղբյուրում միանձնյա սեփականության իրավունքով ամառանոց է ձեռք բերել՝ 6,2 միլիոն ՀՀ դրամով։ Այսինքն՝ Ձորաղբյուրում առանձնատնից բացի Հրաչյա Հակոբյանը նաև ամառանոց ունի։
Այս տարվա նրա հայտարարագրում առկա է նաև պարտավորություն վարկի տեսքով՝ 11% տոկոսադրույքով՝ 13,5 միլիոն դրամ մայր գումարի մնացորդով։ Թե ինչ նպատակով է այս պարտավորությունը ծագել, նշված չէ։ Հակոբյանը տարեսկզբին ունեցել է 2,9 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 890 հազար դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 7 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 345 հազար դրամ կանխիկ միջոցներ։ Հրաչյա Հակոբյանը 2021թ․ ընթացքում 7,3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։ Տարվա ընթացքում Հակոբյանը 3.5 միլիոն դրամ և 19 հազար 700 դոլար վարկ է մարել
Նրա կատարած ծախսերը՝ ըստ հայտարարագրման կազմել են՝ 3,515,300. դրամ վարկի մարմանն ուղղված վճարում և 19,725.00 կրկին վարկի մարմանն ուղղված վճարում։Հայտարարագրին կարող եք ծանոթանալ հղումով՝
Համադրելով Հակոբյանի ներկայացրած հայտարարագրերի տվյալները, տեսնում ենք, որ 2022 թվականի դրությամբ Փաշինյանի աներձագն ունի միանձնյա սեփականության իրավունքով 6 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 հողամաս, առանձնատուն ու ամառանոց Ձորաղբյուրում (Հրաչյա Հակոբյանը ունի նաև մեկ բնակարան, որն իրեն է պատկանում բաժնային սեփականությամբ և ևս մի բնակարան, որն իրեն է պատկանում համատեղ սեփականությամբ․ երկուսն էլ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում), HONDA մակնիշի ավտոմեքենա, ներդրումներ Array ընկերությունում, 7 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 345 հազար դրամ կանխիկ միջոցներ։
Ահա թե ինչպես է փոխվել Նիկոլ Փաշինյանի աներձագ, իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կյանքը 4 տարիների ընթացքում։