«Ընդդիմադիր գործընկերներն  անհանգստացած էին իշխանության կողմից վարվող քաղաքականությամբ, այդ անհանգստությամբ դուրս եկան ժողովրդին ներկայանալու և իրազեկելու». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը իշխանության հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային պայքարի մեջ դրական բաներ է տեսնում։

«Փաստորեն մեր ընդդիմադիր գործընկերները, հետապնդելով նույն նպատակը, ինչ մենք, բայց մոտեցումների տրամագծորեն տարբեր հակառակ դիրքորոշումը բերեց այն իրավիճակին, որով մեր ընդդիմադիր գործընկերները թողնելով ԱԺ ամբիոնը, դուրս եկան փողոց, որպեսզի ժողովրդին իրազեկեն այն անհանգստությունների մասին, որոնք իրենք ունեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։

Նա նշեց, որ բավականին տևական ժամանակ ընդդիմությունն այդ գործընթացի մեջ էր։

«Խորապես համոզված եմ, որ մեր ընտրողները, քաղաքացիները խորապես իրազեկված էին և դրա անհրաժեշտությունը չկար, ուղղակի կարելի կլիներ մեկ-երկու հանրահավաք կազմակերպել, որպեսզի տեսնեին՝ այդ տեսակետը լայն հանրության մեջ աջակցություն ունի՞, թե՞ չէ, որպեսզի հետագա քայլերն իրականացվի դրա հիման վրա։ Դե, այդպես չարվեց, տևական ժամանակ այդ գործընթացը գնաց, և տեսնելով, որ չեն հասնում այն իրողությանը, որ իրենք կցանկանային, ասենք՝ իշխանափոխության։ Մի կողմից էլ՝ այդ ամենով հիմնավորվեց, որ իշխանության կուրսը ժողովրդի լայն շրջանակներում հավանության է արժանացել՝ սա ես դրական եմ համարում»,- հավելեց իշխանական պատգամավորը։

Ըստ նրա, ընդդիմության հավաքներին մասնակցող մարդիկ մի քանի շերտերից են բաղկացած, բայց ի պատիվ ընդդիմադիր գործընկերների, իրավապահների ճշգրիտ գործողությունների և իշխանությանը, բոլորը միասին, որպես ազգ՝ նորից դուրս են գալիս ճգնաժամային իրավիճակից։

Միաժամանակ նա ընդգծեց, որ պատերազմից հետո արձանագրել են ցավալի իրողություններ, և այն թեզը, թե պարտված իշխանությունը և ղեկավարը պետք է հեռանան, դրա հետ ըստ էության համաձայն է, բայց փաստորեն իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունը չի պարտվել կամ պարտությունը միայն իշխանության մեղքով չէ։ Հետևաբար, պատգամավորի խոսքով՝ այդ թեզն այստեղ չի աշխատում։

«Պետք է միշտ դատենք արդյունքով։ Ընդդիմադիր մեր գործընկերներն  անհանգստացած էին իշխանության կողմից վարվող քաղաքականությամբ, այդ անհանգստությամբ դուրս եկան ժողովրդին ներկայանալու և իրազեկելու, իսկ ժողովուրդը չանսաց, ինչը նշանակում է, որ ժողովուրդը վստահում է իշխանության վարած քաղաքականությանը։ Վաղը այլ իրավիճակ կլինի, այլ քաղաքական ուժեր կգան, որոնք նոր օրակարգով հանդես կգան, այն ժամանակ կխոսենք այդ մասին»,- շեշտեց Հովիկ Աղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս