Բաժիններ՝

Կայացել է «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունիսի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Փաթափության» թեմայով նամականիշի մարման արարողությանը:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշելով, որ նամականիշի վրա պատկերված է հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափոթյանը, ով 2021թ. ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Փաթափությանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս իրադարձությունը կրկնակի ուրախալի է, քանի որ նամականիշի վրա ներկայացված է հայազգի առաջին Նոբելյան մրցանակակրի պատկերը:

«Պարոն Փաթափության, ողջունում եմ Ձեզ: Ուրախ եմ, որ հյուրընկալվել եք Հայաստանում, հատկապես՝ այդ իրադարձությունից հետո: Մեզ համար մեծ պատիվ է: Նաև պատիվ է, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկի վրա, այս դեպքում՝ նամականիշի վրա, Ձեր պատկերն է: Այս օրը, կարծում եմ, հիշարժան կլինի ոչ միայն այստեղ ներկա գտնվողների, այլ նաև ֆիլատելիստների համար, որոնք մեծ սիրով իրենց հավաքածուներում կունենան այս նամականիշը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նամականիշը մարել են Արայիկ Հարությունյանը, Արտեմ Փաթափությանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: Այն տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 20 000 տպաքանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս