Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները
Բուհերի դիմորդները հունիսի 14-ին ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, որը հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռու մարզում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:
Ընդհանուր առմամբ գործել են քննական 35 կենտրոններ, որոնցից 9-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում:
««Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը տևել է 3 ժամ, ճիշտ պատասխանները ԳԹԿ-ն արդեն հրապարակել է: Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, այսինքն՝ հունիսի 19-ին:
Դիմորդների ստացած միավորները փակցվելու են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին: Արդյունքների բողոքարկումը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 09:00-18:00-ն, այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միասնական հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին. դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։
Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 24-ն է։