Հայհոյանքի ապաքրեականացնելը տեղի չի ունեցել  միջազգային հանրության ճնշմամբ. Վլադիմիր Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայհոյանքն ու վիրավորանքն ապաքրեականացնելու մասին գործադիրի մտադրությանը և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախատեսվող փոփոխությունը կատարվել է միջազգային ճնշման ներքո, ասաց.

«Եթե հիշում եք 7-րդ գումարման ԱԺ-ում նախագծի քննարկումները, ապա մենք հենց ՍԴ-ի որոշման հիման վրա՝ ատելության խոսքի բարձր մակարդակի վրա, ասում էինք, որ դա որպես ժամանակավոր միջոց ենք կիրառելու՝ քիչ թե շատ իրավիճակը շտկելու համար։

Նոր նախագծում այն ի սկզբանե չէր եղել, այսինքն՝ 2021 թվականին, երբ ընդունվեց նոր օրենսգիրքը, դրանում այդ նախագիծը նախատեսված չէր։ Այսինքն՝ ի սկզբանե, ես որպես նախագծի հեղինակ՝ նման բան առաջարկել եմ։ Հուսամ, որ այս կարգավորումները և քրեական գործերի առկայությունը և այն, որ ըստ էության որոշակի կանխարգելում իրականացվեց և ատելության խոսքը չբարձրացավ բարձր մակարդակի, մենք նորում չէինք էլ նախատեսել այդ ամենը»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Ըստ նրա, այն քրեական գործերը, որոնք հարուցվել են այդ հիմքով, դրանք ենթակա են կարճման, քանի որ արարքը ենթակա է ապաքրեականացման։

«Հայհոյանքն արդեն դարձել էր քաղաքական խոսույթի մաս, անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել։ Միջազգային հանրության ճնշմամբ որևէ բան տեղի չի ունեցել։ Մենք առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով՝ սպասում էինք ՍԴ-ի որոշմանը, որն էլ տվեց իր դրական եզրակացությունը։ Քրեականացումն ու ապաքրեականացումը ցանկացած արարքի, երևույթի՝ քաղաքական ուժի կամքի, ուժի դրսևորումն է։ Օրինակ, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներն են ապաքրեականացվում, որովհետև մենք արդեն ունենք բավականին մեծ քանակությամբ պատվաստանյութեր։ Եվ այն վտանգը, որը կար այն ժամանակ, երբ 2020 թվականին ընդունում էինք օրենսդրությունը, այլևս չկա, և քրեականացված պահելը այս կամ այն արարքներն ու նախագծերը՝ անթույլատրելի է»,- հավելեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխանական պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս