Սա իրականում ոչ թե ապաշրջափակում է, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի վերջնական շրջափակումը. Էդգար Էլբակյան

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը կառուցվելու է զրոյից: Այդ երկաթգծի՝ Հայաստանով անցնող հատվածն ունենալու է ընդամենը 45 կիլոմետր, ինչը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա ավելի քան 700 կմ երկարություն ունեցող երկաթգծի չնչին մասն է ու շատ ձեռնտու է Ադրբեջանին։

«Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի նախագահի հետ ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և ահա Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը ըստ էության այս ամեն ինչը արձանագրվեց: Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կունենա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և ՌԴ, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչո՞ւ է ապաշրջափակման համար առաջինն ընտրվել հենց այս ուղղությունը, եթե կարելի էր, օրինակ, վերագործարկել Իջևան-Ղազախ երկաթգիծը, որի համար ավելի քիչ միջոցներ կպահանջվեին, պարզ չէ:

Որքանո՞վ է երկաթգիծը ապահովագրված ռիսկերից և որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի համար: Ադրբեջանը Նախիջևանի հետ  կապող ճանապարհ ունի Իրանի տարածքով։

Ուրեմն ինչո՞ւ է Ադրբեջանի համար այդքան կարևոր Մեղրիի երկաթգիծը, ո՞րն է դրա թաքնված նպատակը:  Ադրբեջանը Թուրքիայի հետ երկաթուղային կապ ունի Վրաստանի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծով, որը շահագործման է հանձնվել 2017 թվականին։ Այս երկաթգիծը կառուցելու համար Ադրբեջանը ծախսեց միլիոնավոր դոլարներ: Նպատակը Հայաստանը շրջանցելն էր, բայց երկաթգիծը փաստորեն չի գործում ամբողջ հնարավորությամբ:  Հիմա Ադրբեջանի համար առավել կարևոր է դարձել Մեղրիով՝ այսինքն՝ Սյունիքով անցնող երկաթգիծը: Դրա հեռահար նպատակներն ու վտանգները պարզ են բոլորին, բացի Հայաստանի գործող իշխանություններից:

Թեմայի մասին 168.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ:

«Միակ տրամաբանությունը գործող, դե ֆակտո թուրքամետ իշխանությունների վերարտադրությունն է և պետական երկարատև ազգային շահերը հանուն իրենց կարճաժամկետ նեղ խմբային շահերի զոհաբերելը: Իրանի հետ եղած ցամաքային իրական կապը հանձնվել է Ադրբեջանին ու ընդամենը կառուցվում է ճանապարհ, ընդ որում նաև, Հայաստանի բյուջեից, որը միացնելու է Ադրբեջանին ու Թուրքիային: Իրականում գործ ունենք ռազմատուգանքի հետ: Երկաթուղին չի անցնելու Իրանի տարածքով, հետևաբար՝ Իրանի հետ ի՞նչ կապի մասին է խոսքը:  Ամեն ինչ առավել քան պարզ է, պարզապես ցանկություն չունեն հետապնդելու ազգային օրակարգ, որովհետև նախ իրենց սոցիալական պատմությամբ ու ծագմամբ էդպիսին չեն, մինչև իշխանության գալն էլ ունեցել են ապազգային գաղափարներ, քանի որ քանդել են Հայաստանի արտաքին քաղաքական ընդհանուր ճարտարապետությունը՝ ոչ միայն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կամ բարեկամ երկիր Իրանի հետ, այլ՝ բոլորի:

Անգամ հավաքական Արևմուտքը կամ Եվրամիությունը, որ էս պահին աջակցում են այս իշխանությանը /ոչ Հայաստանին/, 2018-ին արժանանում էին մուննաթի, թե բա մենք հեղափոխություն ենք արել, մենք ժողովրդավար են, ինչու չեք մեզ փող տալիս, կամ տալիս եք այնքան, որքան նախկիններին: Այսինքն՝ ընդհանուր առմամբ այս իշխանությունը, ու սա բնորոշ է պոպուլիստական ու տհաս իշխանություններին, ապազգային է ու քանդել է արտաքին քաղաքականությունը և չի կարողանում Ադրբեջանին ասել ոչ: Ասել՝ մենք ուզում ենք հասկանալ, թե այդ երկաթուղին մեզ ինչ է տալու: Դուք Վրաստանի տարածքով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կապ ունեք, մեզնից ինչ եք ուզում: Նրանք ուղղակի համագործակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ ակնհայտորեն իրենց կարճաժամկետ վերարտադրության համար, ինչն էլ վերավաճառում են Արևմուտքին, թե՝ տեսեք, մենք Թուրքիայի հետ ուղիղ ենք շփվում, քչացնում ենք ռուսական ներկայությունը: Այստեղ չկա տնտեսական ու ազգային որևէ շահ»,- 168.am-ի հետ զրուցում նշեց  քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Ինչո՞ւ է ապաշրջափակման համար առաջինն ընտրվել հենց այս ուղղությունը, ինչո՞ւ է Ադրբեջանի համար առավել կարևոր դարձել Մեղրիով, այսինքն՝ Սյունիքով անցնող երկաթգիծը, եթե կարելի էր վերագործարկել Իջևան-Ղազախ ուղղությունը հարցին, քաղաքագետը պատասխանեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար սա ոչ թե տնտեսական ձեռնարկ է, այլ ռազմական ու ռազմավարական, հեռուն գնացող նպատակ: Սրանով կկարողանան Սյունիքը գրավել և ամենակարճ ճանապարհով կապվել Թուրքիայի հետ: Եթե նպատակն իրականում տնտեսական բաղադրիչը լիներ, կգործարկվեր  Իջևան-Ղազախ ուղղությունը, բայց իրականությանը պետք է սթափ նայել ու, օրինակ, հարցնել արտահանողներին, կցանկանա՞ն արտահանել իրենց ապրանքները դեպի Ռուսաստան Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով: Եթե նույնիսկ դա հնարավոր լինի ու մի քանի տարի Ադրբեջանը դրան չխոչընդոտի, համբերատար սպասի, մինչև Հայաստանի արտահանման ողջ ենթակառուցվածքը տեղափոխվի այդ ուղղությամբ, որոշի փակել ուղղությունը ու Հայաստանի առաջ նոր պահանջներ դնի, ի՞նչ է լինելու:

Էդգար Էլբակյանը համոզված է, որ սա իրականում ոչ թե ապաշրջափակում է, այլ Հայաստանի վերջնական շրջափակումն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից:

Նրա խոսով, անհնար է պայքարել թշնամի երկրի հետ մեկ գործիքակազմով, երբ կա քանակական մեծ տարբերություն: Թուրքիան կարող է հեղեղել հայկական շուկան՝ առանց օրենք խախտելու: Ադրբեջանը կարող է Սյունիքում իր քաղաքացիների իրավունքների իբր խախտման դեպքերի պատրվակով օկուպացնել որոշակի տարածքներ: Այսինքն՝ 21-րդ դարում մրցակցում են պետությունները տնտեսական, ռազմական, հոգևոր-մշակութային, արտաքին քաղաքական, դաշնակցային բաղադրիչներով: Մեր տարածաշրջանում բոլոր բաղադրիչներից ավելի կարևոր է ռազմականը:

«Ադրբեջանն էսօր հայտարարում է, որ շարունակելու է ուժեղացնել իր բանակը, որ կարողանա պահել ինքնիշխանությունը: Սա հասկանում են բոլոր «խելքը գլխին» երկրները: Ադրբեջանը չունի գոյաբանական խնդիր: Հայաստանն ունի այդ խնդիրը, բայց մեզ մոտ Արևմուտքի աջակցությամբ զարկ է տրվում ոստիկանական, պարեկային համակարգին և բանակը հզորացնելու փոխարեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս